Սեդրակյանը Հովհաննիսյանի վարկանիշին չի՞ հարվածի
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի երեկ հնչեցրած հայտարարությունը չի կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Հայտարարարությունը, խոսքը արժեք է ստանում, նայած թե այն ով է հնչեցնում, այս ընթացքում նա դարձել է ծիծաղի առարկա: Սյուժեն այս գործում հետեւյալն է, նա փորձում է գնդակը ուղարկել ուրիշի դարպասը»,-նշեց նա:
Վարդան Սեդրակյանն ասել էր, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի ետեւում մասսոնական ուժերն են, որի անդամ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Պարոն Սաֆարյանը, ամփոփելով քարոզարշավը, ցանկացավ առանձնացնել երեք հիմնական գործոն՝ հավատի պակասը ընտրական գործընթացների նկատմամբ, վախի մթնոլորտը եւ թեկնածուների փոխադարձ մեղադրանքներ միմյանց նկատմամբ:
Սակայն պարոն Սաֆարյանի հնչեցրած մտքերի հետ համամիտ չէ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա քարոզարշավը գնահատեց շատ բնական: Պարոն Ալեքսանյանի խոսքերով՝ այս քարոզարշավը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ունի մեծ հեղինակություն եւ այլընտրանք չունի:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ասելով, ինչքան ուզենք, այնքան տոկոս էլ կխփենք, ն միայն կատակ է արել: Իսկ թե ինչո՞ւ են նրա հանդիպումները տեղի ունենում փակ՝ հանդիպումներին մասնակցում են միայն ընտրյալները, ապա նշեց, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի լինում, թե ովքեր են մասնակցում իր հետ հանդիպմանը:
Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն էլ նշեց, որ մարդկանց ստիպողաբար են տանում հանդիպման: Նա նշեց, որ քարոզարշավը շատ ավելի ընդունելի լիներ,որ նա հանդիպեր լրագրողների հետ եւ պատասխաներ նրանց հարցերին, այլ ոչ թե գնար եւ փակ հանդիպումներ անցկացներ՝ հատուկ ճառերով:
Հանդիպմանը ներկա սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը նշում է, որ բոլոր թեկնածուները ունեցել են հավասար հնարավորություններ: Սակայն նրա մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ թեկնածուները իրենց ծրագրերը սկսել են կազմել առաջադրումից մի քանի օր առաջ կամ առաջադրվելուց հետո: