Հայրիկյանը այս մասին ոչինչ չի խոսել (տեսանյութ)
Արդեն 24 օր հացադուլ հայտարարած՝ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վիճակը բժիշկները բավարար են գնահատում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
« Անդրիաս Ղուկասյանը չի տեղափոխվի հիվանդանոց և կշարունակի պայքարը հացադուլի վայրում: Հացադուլը կշարունակվի մինչև ընտրությունների օրը ներառյալ և այս պահին չկա որևէ լուրջ պատճառ, որը կստիպի նրան դադարեցնել հացադուլը»,- ասաց Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ որ այս ընտրություններին իրենք պայքարում են ոչ թե քվեի, այլ ազատ և արդար ընտրությունների համար:
Հրանտ Բագրատյանից և Սերժ Սարգսյանից բացի Անդրիաս Ղուկասյանին այցելել են նախագահի բոլոր թեկնածուները, ինչպես նաև մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ և իրենց զորակցություն են հայտնել նրան. «Միջազգային դիտորդներից ոչ ոք չի այցելել: Ավելի վաղ այցելել էին ԱՄՆ - նի դեսպանատնից, սակայն պարոն Ղուկասյանը նրանց ասել էր, որ սա ներքին պայքար է: Մենք այժմ մշակում ենք ընտրություններից հետո արվելիք աշխատանքները»։
Նրա խոսքով՝ թեկնածուի մոտ շուրջօրյա բժշկական հերթապահություն սահմանած Շտապ բուժօգնության բժիշկների տվյալները հաճախ չեն համապատասխանում իրենց բժիշկների տվյալների հետ. «Օրինակ՝ երբ շտապ օգնության բժիշկներն են չափում Անդրիաս Ղուկասյանի ճնշումը, հայտնում են 80 -60 արդյունք, իսկ, երբ մենք ենք չափում, լինում է 110-80 միջակայքում: Դրա համար մենք նրանց չենք վստահում»:
Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով նաև Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, որ վերջինս չի հետաձգել ընտրությունները, որպեսզի Անդրիաս Ղուկասյանը ողջ մնա նշեց, որ Հայրիկյանը իրենց հետ այս մասին ոչինչ չի խոսել: