Սերժ Սարգսյանի համար աղաչում են Աստծուն (տեսանյութ)
Նորք-Մարաշ վարչական շրջանում այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ծափողջյուններով: ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ նա զգուշությամբ բարձրացավ բեմահարթակի խարխուլ աստիճաններով:
Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսելուց առաջ, դիմելով ներկաներին, ասաց. «Հուսով եմ` եկել եք եւ լսելու, եւ սատարելու»: Իսկ արդեն ելույթում նա հիմնականում անդրադարձավ ԼՂՀ հիմնահարցին եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին. «Եթե Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը այսօր իմանան՝ ինչ վիճակ է լինելու 25 տարի անց, ապա այսօր ավելի կառուցողական դիրք կունենան բանակցությունների ժամանակ։ Բայց Ադրբեջանը մեզ չլսեց 25 տարի առաջ, երբ ասում էինք, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Եվ, իսկապես, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմը ոչ միայն չլուծեց հիմնահարցը, այլեւ դարձավ հիմնահարցի մաս, մի նոր ծանր բաղկացուցիչ՝ առանց այդ էլ ծանր հարցի։ Նոր պատերազմը նույնպես հարց չի լուծելու»։
Այնուհետեւ, Սերժ Սարգսյանը կոչ արեց ներկաներին հանդիպումը վերածել երկխոսության եւ իրեն հարցեր ուղղեն։ Նորք-Մարաշի բնակչուհիներից մեկին՝ Փնջիկ Անդրեասյանին հետաքրքրում էր, թե Սերժ Սարգսյանն ինչ կարծիքի է նախագահի այն թեկնածուների մասին, որոնք հայտարարում են, թե շատ կարճ ժամանակահատվածում 50 տոկոսով բարձրացնելու են կենսաթոշակները։
Պատասխանելով հարցին՝ պարոն Սարգսյանը հիշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ մամուլում կատարած այն հիշեցումը, թե ամենից շատ սուտ լինում է պատերազմների ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ. «Եթե այդքան հեշտ լիներ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը, կամ կրթության եւ ռազամական ծախսերը 50 տոկոսով բարձրացնելը, մենք դա կանեինք, մեր խելքն այդքան չի կտրո՞ւմ, մենք չե՞նք ուզում դա անել։ Գիտեք, այդ ցանկությունները վատ չեն, Աստված տա, թող իրականանան...ոչ թե իրենց ընտրվելու մասով, այլ թոշակների բարձրացման մասով:Դե, ընտրությունների ժամանակ այդպես է` խոսում են մարդիկ, իրենց ցանկություններն են արտահայտում»:
Մեկ ուրիշ բնակիչը, որն իր խոսքի մեջ 5 անգամ հիշատակեց Աստծո անունը, Նորք-Մարաշ համայնքի ոռոգման ցանցի խնդիրը բարձրացրեց. «Մենք ձեր աջակցության կարիքն ունենք, ինչպես նաեւ` մենք ուզում ենք խնդրել, աղաչել Աստծուն, որպեսզի ձեզ օգնական լինի: Եւ տա Աստված, որ ազգովի 5 տարի հետո բոլորը դուրս գան փողոց, խնդրեն ու աղաչեն, որ դարձյալ դուք շարունակեք ղեկավարել մեր հանրապետությունը, որպեսզի կարողանաք ամրացնել ձեռք բերված բոլոր հաջողությունները»: Այս նախադասությունը լսելիս Սերժ Սարգսյանը սկսեց ծիծաղել. «Միայն մի բան կարող եմ ասել, որ Աստծուն աղաչելը բարեպաշտություն է, եւ նրանք, որոնք աղաչում են Աստծուն, նորմալ մարդիկ են ու միշտ հաջողություն են ունենում: Աստծու կողմից տրված այդ շնորհը պետք է ճիշտ օգտագործել: Տեսնենք` մենք կարո՞ղ ենք այդպիսի շնորհ ունենալ եւ փորձենք լուծել ձեր ջրի հարցը»:
Սերժ Սարգսյանը Նորք-Մարաշից մեկնեց Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջաններ: