Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի՞ քվեարկությանը (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հրաժարվել է հիվանդանոցում հետազոտություններ անցնելու առողջապահության նախարարության առաջարկից:
Այսօր այս առաջարկով եւս մեկ անգամ, հացադուլավորի մոտ էր եկել Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը: Սակայն կրկին մերժում է ստացել նախագահի թեկնածուից. «Հորդորում եմ, որ նա հետեւի իր առողջությանը, որ հիվանդանոց գնա եւ լիարժեք հետազոտություն անցնի»,- ասաց փոխնախարարը:
Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանում է, որ առաջարկը չնդունելու պատճառներից մեկը իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունն է, թե Ղուկասյանի հացադուլը ռեալիթի շոու է. «Նման անվստահության պայմաններում, ես այդ աջակցությունը ընդունել չեմ կարող»,- ասաց Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց նաեւ, որ հացադուլը կավարտի միայն փետրվարի 20-ին, երբ արդեն պարզ կլինեն միջազգային դիտորդների եզրակացությունները նախագահական ընտրությունների մասին:
Անդրիաս Ղուկասյանը դեռ չի որոշել. գնալու է քվեարկության, թե ոչ. « Եթե անգամ գնամ, դեմ եմ քվեարկելու Սերժ Սարգսյանին»: