Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախ»-ը սատարում է Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
393aa6f5997120ae0b148009da4a4254

«Արցախ» հայրենակցական միությունը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ միությունը իր` 5-րդ համաժողովին:
«Մեր միությունը հավատում է մեր ժողովրդի հավաքական կարողություններին ու հնարավորություններին, նրա համախմբվածությանն ու կողմնորոշմանը: Եւ այդ հավատի տեսանելի ապագայի ակնկալիքով ու համոզվածությամբ մենք հայտարարում ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում «Արցախ» հայրենակցական միությունը համախմբված կերպով, համատեղ ջանքերով ու ողջախոհությամբ աջակցելու ենք երկրի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց միության նախագահ, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նրա այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվեց բուն ծափողջյուններով: Համաժողովին ելույթ ունեցան նաեւ միության անդամներ` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, միության պատվավոր նախագահ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ինչպես նաեւ` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ի դեպ, համաժողովի հյուրերի շարքում էր նաեւ Երեւանի քաղաքապետ ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը:

Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարեց, որ նախագահի այս ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դեռ նոր էին թեկնածուներն առաջադրվում, արդեն պարզ էր, որ ֆավորիտն ու հաղթողը Սերժ Սարգսյանն է: Ըստ նրա` մյուս առանձնահատկությունն այն էր, որ առաջադրվեցին նաեւ այնպիսի թեկնածուներ, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանն էր բնութագրել, իրենց երազում էին տեսել նախագահի թեկնածու առաջադրվելը:
«Ես համոզված եմ` քվեարկության արդյունքները շատ բարձր են լինելու, մենք դրանում արդեն համոզված ենք: Բացի արդար ընտրությունների անցկացումից, առաջին հերթին մենք պետք է բոլորս միասնաբար գնանք ընտրություններին»,- հայտարարեց նա: Ընդհանրապես բոլոր ելույթ ունեցողների հիմնական ուղերձը դա էր` առաջին հերթին գնալ ընտրությունների, իսկ ապա` ընտրել Սերժ Սարգսյանին, որին միության անդամները համարեցին Արցախի անվտանգության իրական երաշխավոր:

Զորի Բալայանը հիշեց Արցախյան հերոսամարտը եւ առանձին դրվագներ, որոնցում նա հատկապես կարեւորեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը: «Այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը, ուզեք-չուզեք հիշվելու է, պատմությունը չի մոռացվի: Պետք հիշեցնել, որ ըստ Սահմանադրության` մենք ընտրում ենք ոչ միայն ուղղակի նախագահ, այլ գերագույն գլխավոր հրամանատար»,- հայտարարեց նա:

Իսկ անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին եւ նրա կողմից ՍԴ դիմելուն, Զորի Բալայանն ասաց. «Նա ուզում էր վերադառնալ իր այն սադրիչ մտքին, որ հետաձգի ընտրությունները: Ուզում եմ հիշեցնել, որ պետությունը խաղալիք չէ»:

Իսկ Գալուստ Սահակյանն իր ելույթում նշեց, որ ՀՀԿ իրենց թեկնածուին ներկայացնելու կարիք չկա. «Իր կենսափորձով, ապրած կյանքով, իր արարումներով կարողացել է այնպես մտնել հասարակության մեջ, որ այդ խնդիրը չունի» :