Ա. Ղուկասյանը «ընտրված նարկոմանների» մասին
Արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի բողոքում ինքնազգացողությունից:
Այսօր նա հայտնեց,որ իր առողջության մասին ինքը չի մտահոգվում և այլևս չի ցանկանում պատասխանել նման հարցերին. «Ես որոշեցի,բոլոր հարցերը նախարարության հետ,իրենք պաշտոնապես պարտավոր են,իրենք իրենց պարտավորությունը ճանաչել են իմ առողջության համար մոնիտորինգ անելը և այլն»:
Անդրիաս Ղուկասյանին դուր չի գալիս նաև այն հանգամանքը,որ մեր հայրենակիցները ճիշտ չեն գնահատում իր քայլը:Նա ասաց,որ օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտենում իրեն, բայց քաղաքական հայացքները կիսելու փոխարեն հորդորում են` հացադուլը դադարեցնել:
Պարոն Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանն ասում է, որ լրատվամիջոցները ոչ միշտ են ճիշտ մեկնաբանում իր ամուսնու խոսքերը.« Անդրիասը ուժեղ մարդ է և իրեն շատ լավ է զգում,որովհետև նրա պայքարը նրան ուժ է տալիս: Ես հավատում եմ, որ ի վերջո նա հասնելու է իր նպատակին»:
Խոսելով նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի բացահայտման մասին Անդրիաս Ղուկասյանը դա պարզապես ծիծաղելի համարեց.«Ընտրված նարկոմանները գոնե մի փոքր նման լինեին պարոն Հայրիկյանի նկարագրածին»:
Պարոն Ղուկասյանը դեռ կարծում է, ու մինչև երկուշաբթի Պարույր Հայրիկյանը կմտափոխվի և կդիմի Սահմանադրական դատարան։
Հացադուլավորի մոտ հերթապահող բժշկուհի Ռուզաննա Մարգարյանը չցանկացավ Անդրիաս Ղուկասյանի առողջության մասին տեղեկատվություն հայտնել։ Այսօր որքան է եղել նախագահի թեկնածուի ճնշումը հարցին նա պատասխանեց,որ իրեն հրամայված է չասել։