Հայտնի է Հայրիկյանի վրա կրակողը
«Ա1+»-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձը։ Այս տեղեկությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը։ Նա միայն հայտնեց, որ մեկ ժամվա ընթացքում հաղորդագրություն կտարածվի։
Ի դեպ, ավելի ուշ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր` դատարկախոս թափթփուկների համար: Շատ բան ասել չեմ կարող` բացահայտումն սկսված է
Կարծում եմ՝ պաշտոնական տեղեկատվություն էլ կլինի։
29 սմ մարմնովս անցնող վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկվել, որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ դեռ այնտեղ է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: