Սարգսյանը գովեց մրցակիցներին (տեսանյութ)
Մալաթիա- Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը Սերժ Սարգսյանն անդրադարձավ այն թեկնածուներին, որոնց անունը փետրվարի 18-ին ընտրողները կգտնեն քվեաթերթիկում.
«Մեր հասարակության մի հատված ընտրելու է Պարույր Հայրիկյանին, մարդու, ով մարմնավորում է անկախ Հայաստանի գաղափարը, մեկ այլ հատված` Հրանտ Բագրատյանին, ով ունի զարգացման սեփական տեսլականը, մի հատվածն էլ` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ: Մյուս թեկնածուների մասին էլ կարող եմ դրական բաներ ասել, սակայն եկել եմ ներկայացնելու, թե ինչու պետք է մի հատվածն էլ ինձ ընտրի»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Ներկաներին նա հավատացրեց, թե իր «Ապահով Հայաստան» նախընտրական ծրագիրը մեր պետության եւ դրա յուրաքանչյուր քաղաքացու համար է նախատեսված:
«Այն միայն գեղեցիկ ցանկություն չէ, այն զարգացում եւ բարեկեցություն է բերելու մեր երկրին»,- ասաց Սարգսյանը։
Այնուհետ նա անդրադարձավ նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին` առանձնացնելով հատկապես արտաքին քաղաքական կարևոր ազդակները.
«Ականատես եղանք մի շարք սադրանքների, որոնք դրդում են մեզ անհավասարակշիռ արձագանքների: Մեր մոտեցումը միանշանակ է` թույլ չտալ, որ ուրիշները սահմանեն մեր արտաքին քաղաքականության օրակարգը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ Թուրքան ցուցաբերում է իրարամերժ մոտեցումներ եւ ջանասիրաբար խախտում է միջազգային իրավունքի նորմերը:
«Իսկ Ադրբեջանը շարունակում է ապրել ծուռ հայելիների աշխարհում. ամբողջ աշխարհին ավելի քան ակնհայտ է, որ հայատյացությունը դարձել է այդ երրկրի կառավարման հիմնարար սկզբունքներից մեկը: Գալիք հինգ տարիների ընթացքում մենք պահանջելու ենք, որպեսզի այդ մոտեցումները մշտադիտարկման ենթարկվեն ու դրանց վերաբերյալ ներկայացվեն միջազգային զեկույցներ»,- ընդգծեց գործող նախագահը:
Ի դեպ, ներկաներից մեկը Սարգսյանին հարցրեց , թե երբ են Երեւանում դադարելու կրակոցները։ Սերժ Սարգսյանը ասաց, որ դրա վրա ուշադրություն անպայման դարձնում են, սակայն միակ տեղը, որտեղ ընդհանրապես կրակոցներ չեն հնչում, դրախտն է։