Հրանտ Բագրատյանը հուշեց արմավիրցիներին (տեսանյութ)
«Ապահով Հայաստանի» հսկայական պաստառներն ու պատրաստվող մեծ բեմը հուշում են, որ վաղն Արմավիր է ժամանելու Սերժ Սարգսյանը: Իսկ այսօր ոչինչ չկար հուշող, որ մարզում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը։ Ընտրողների հետ հանդիպմանը Հրանտ Բագրատյանը նրանց խորհուրդ տվեց վաղն անպայման մասնակցնել Սերժ Սարգսյանի քարոզարշավին՝ հստակ հարցադրումներով:
«Ես կուզեի վաղը չինովնիկների փոխարեն դուք գնայիք այդ միտինգին ու ասեիք` ա՛յ ընկեր, բան ես խոստացել, ե՞րբ կանես»,- ասաց թեկնածուն։
Ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ նախագահի մյուս թեկնածուներին Հրանտ Բագրատյանը հարց ունի. «Եթե ծրագիր ունեք, ինչո՞ւ չեք բանավիճում ինձ հետ»։
Ընտրվելու դեպքում նախագահի թեկնածուն արմավիրցիներին խոստանում է` յուրաքանչյուր գյուղում կառուցել երկու հիմնարկ` վերամշակման և ագրոսերվիսի ձեռնարկություն։ Հրանտ Բագրատյանին ուղղված արմավիրցիների հարցերն այսօր տարաբնույթ էին՝ ավանդների վերադարձից մինչև Արցախյան հիմնախնդիր: Ընտրողներին նաեւ հետաքրքրում, էր, թե Հրանտ Բագրատյանն ինչպես է գնահատում Պարույր Հյարիկյանի նկատմամբ կատարված մահափորձը։
«Այսօր հայտարարություն է եղել, որ մյուս թեկնածուները դիմեն ՍԴ: Այո, ես դրա իրավունքն ունեմ, բայց դա նույն բանն է, որ մեկն ընկնի ավտոմեքենայի տակ, իրեն ասեն` գնա բողոքի, ինքն էլ ասի` չէ, դու գնա: Է՜, դու ես ընկել ավտոյի տակ, դու էլ գնա բողոքի, ա՛յ ընկեր»,- ասաց Հրանտ Բագրատյանը։