Կրակողը մոլագա՞ր էր
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը չի շտապում եզրակացություններ անել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առիթով։ «Ընդհանուր առմամբ չբացահայտված հանցագործության հետևում ենթադրվում է, որ կանգնած են լինում իշխանությունները, այդ պատճառով մեր իշխանությունների համար շահեկան է հանցագործությունը բացահայտելը:», -լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
ԱԻՄ նախագահի դեմ ուղղված մահափորձից հետո, ըստ նախկին պատգամավորի Հայրիկյանը կրկնակի ձայներ կհավաքի, սակայն դա չի ազդի ընտրությունների վերջնական արդյունքի վրա:
«Հայելի» ակումբի մյուս բանախոս՝ նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի կարծիքով՝ հնարավոր է, որ մահափորձի իրականացնողը մոլագար է: «Սակայն հիմնական մեղավորները ՀՀ-ի անվտանգության համար պատասխանատու բոլոր այն ուժերն են, ովքեր հանձն են առել ՀՀ-ի անվտանգությունը՝ գերտերություններն ու ներքին ուժային կառույցները»:
Մինչդեռ Աղասի Արշակյանի կարծիքով սխալ է «դրսում» փնտրել մեղավորների:
«Չեմ կարծում , որ գերտերություններն են պատասխանատու, քանի որ մեր գլխին եկածի համար մենք ենք պատասխանատու. ամբողջ աշխարհում հարուստները մի քանի անգամ աղքատացել են, իսկ մեր երկրում մի քանի անգամ նույն հարուստները կրկնապատկել եռապտակել են իրենց ունեցվածքը: Երբ քո ժողովուրդը մի քանի ընտանիքի կողմից է կեղեքվում, էլ ինչ ուրիշից պահանջենք»,- պարզաբանեց նախկին պատգամավորը: