Պաշտպանը համարում է ոճրագործություն
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ցավում է ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հանդեպ կատարված ոճրագործության համար։ «Պատկան մարմինները պետք է սկսեն հետաքննություն եւ համարում եմ դիվերսիա ամբողջ պետականության հանդեպ»,- այսօր «Ա1+»-ին ասաց նա։
Սակայն ՄԻ պաշտպանի գրասենյակը միջադեպի առիթով չի պատրաստվում համապատասխան հայտարարությամբ հանդես գալ. «Հայտարարությունը նպատակահարմար կլիներ, երբ կար վիճելի խնդիր, եւ դրանով ինչ- որ ուղղորդում տալ։ Այստեղ, սակայն, որեւէ բան վիճելի չի թվում, կա ոճիր, անընդունելի արարք եւ մարդկային ցավ եւ նաեւ ընտրությունների հետ կապված որոշակի տագնապ եւ անհանգստություն»,- նշեց Կարեն Անդրեասյանը։
Գրասենյակը հայտարարությամբ հանդես կգա միայն մեկ դեպքում, երբ հետաքննությունը այլ ուղղությամբ ընթանա։
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Տպագրիչների փողոցում կրակել են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա։ Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախագահի թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում։
Քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է ԱԱԾ վարույթում։