Դուրս են եկել ու տեսել արյուն… (տեսանյութ)
Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը լրագրողներին պատմել է հետևյալը. «Հայրիկյանի կինը ինձ քիչ առաջ պատմեց, որ այդ ժամին տան մոտ ձայներ են լսել, գոռոցներ, աղջիկը պատուհանից դուրս է նայել և գոչել՝ հայրիկը... Դուրս են եկել ու տեսել արյուն...»:
Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի մոտ ավելի քան 100 մարդիկ են այս պահին հավաքված, դրսում՝ տասնյակ ոստիկաններ: Րոպեներ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատմել է Պ. Հայրիկյանի հետ իր կարճ խոսակցության մասին. «Հենց նոր եմ խոսել Պարույր Հայրիկյանի հետ: Վիճակը նորմալ է»: Պ. Հայրիկյանն ասել է. «Ավելի բարդ իրավիճակներ եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարեմ»:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ կրծքավանդակի վերին աջ մասում հրազենային վերքի մասին խոսելով ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասել է. «Կույր վերք է, գնդակը դեռևս գտնվում է փափուկ հյուսվածքներում»: Նախարարը նշել է, որ մեկ գնդակ է Պ. Հայրիկյանի մարմնում, սկզբում որոշվել էր վիրահատություն կատարել այսօր, սակայն որոշ ժամանակ անց բժիշկները որոշել են, որ առայժմ վիրահատության անհրաժեշտություն չկա, սակայն վաղը գնդակը հեռացնելու նպաըտակով վիրահատական միջամտություն կկատարվի: Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում, կենսական որևէ օրգան ախտահարված չէ: 168. am