Քանի՞ ընտրող նախագահ կընտրի (տեսանյութ)
Ընտրություններին մարդկանց ակտիվությունը պետք է դրսեւորվի ոչ միայն այս կամ այն թեկնածուին կողմ քվեարկելով, այլեւ քվեաթերթիկում պետք է լինի նաեւ «բոլորին դեմ» հնարավորությունը: Այս կարծիքին է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Բայց նաեւ վստահ է, որ Նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքները կախված չեն ընտրողների թվից. «Եթե մի քիչ հումորի վերածենք, ապա նվազագույն ներկայացվածությունը մեկ անձն է, մեկ ընտրողն է, որովհետեւ Սահմանադրության համաձայն երկրի նախագահն ընտրվում է, եթե առաջին փուլ է՝ բոլոր մասնակիցների կողմ ձայների 51 տոկոսով։ Եթե 2-րդ փուլն է, ապա առավելագույն ձայն ստացած 2 թեկնածուներն անցնում են 2-րդ փուլ եւ նրանցից առավելագույն ձայն ստացածն է համարվում ընտրված»:
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի կիսում այն տեսակետը, թե հանրությունն անտարբեր է փետրվարի 18-ի ընտրությունների նկատմամբ. «Ես լիահույս եմ եւ վստահ եմ, որ այդուհանդերձ քաղաքացիներն ընտրում են պետության նախագահ եւ բավարար չափով մասնակցություն կցուցաբերեն, այնպես որ սպասենք ընտրությանը»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կասկած չունի, որ իշխանություններն ընտրություններին կօգտագործեն բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար:
Ի դեպ, ՀՀ Սահմանադրության համաձայն ընտրողների քանակական շեմ նախատեսված է միայն Սահամանադրության հանրաքվեի դեպքում, որին պետք է մասնակցեն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 25 տոկոսը: