Հրայր Թովմասյանը կազատի՞ աշխատանքից
«Ա1+»-ը այսօր ստացել է այս նամակը.
«Օրեր առաջ, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ:
Թերթիկներից մեկը լրացված էր , մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:
Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:
Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»։
Նամակագիրն ուղարկել է թերթիկների պատճեները:
«Ա1+»-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց ԱՆ մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանին։
«Այդ չի համապատասխանում իրականությանը։ Այդպիսի բան չի եղել»,- ասաց Կարինե Քալանթարյանը, ով արդեն տեղյակ էր խնդրին։
Իսկ նախարար Թովմասյանն էլ է տեղյակ նամակին՝ մեր հարցին նա պատասխանեց. «Այո, Նախարարը այդ համարում է հիմարություն»։