Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կասի օմբուդսմենը ընտրություններից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
e1aa9873224536cd26cae249e3624cc4

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրումից հետո Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրության մեկ հանրաքվե, նախագահի մեկ ընտրություն եւ Ազգային Ժողովի երկու ընտրություն։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պաշտոնավարեց 2004-ից մինչեւ 2006 թվականը: Այդ ժամանակ Հայաստանում տեղի չունեցավ Ազգային Ժողովի եւ հանրապետության նախագահի ոչ մի ընտրություն:

Փոխարենը տիկին Ալավերդյանը գործող պաշտպանն էր, իր բառերով, 2005-ի նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեի ժամանակ: Հաջորդ տարվա սկզբին Ազգային Ժողովը հրաժարվեց լսել նրա տարեկան զեկույցը, հանրաքվեից հետո ոչ մի հեռուստաընկերություն Մարդու իրավունքների գործող պաշտպանին չհրավիրեց եթեր տեղեկանալու, թե ինչ է նա մտածում Հայաստանում մարդու իրավունքների մասին:

Տիկին Ալավերդյանը հիշում է, որ պաշտպանի գրասենյակը ոչ մի բողոք չի ստացել սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Այնուամենայնիվ 2006 թվականի տարեկան զեկույցում սահմանադրական հանրաքվեի մասին նա գրեց՝ խորանում է սովորական մարդու եւ իշխանության օտարումը: Երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը Պաշտպան ընտրվելուց առաջ Սահմանադրական բարեփոխումների հարցով Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն էր:

Պարոն Հարությունյանի պաշտոնավարումը համընկավ 2007-ի Ազգային Ժողովի ընտրությունների եւ 2008-ի փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների հետ:

Ազգային Ժողովի ընտրություններին իր 227 էջանոց տարեկան զեկույցում երկրորդ պաշտպանը նվիրեց 10 էջ:

Քվեարկության օրը տեղ գտած խախտումների մասին Արմեն Հարությունյանի դիտողությունները զբաղեցնում են էջանոց զեկույցի մեկ էջը, որի տողերից մեկում պաշտպանը հիշեցնում է, որ ինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում խախտումները կանխելու իրավասություն չունի: 2008-ի նախագահի ընտրությունների մասին Արմեն Հարությունյանը հանդես եկավ արտահերթ զեկույցով: Նա գտավ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ձևավորվեց անհանդուրժողականության մթնոլորտ, որը հետագայում վերաճեց փոխադարձ ատելության և դարձավ մարտի 1-2-ի դեպքերի հիմնապատճառը:

Պարոն Հարությունյանի հետմարտիմեկյան դիտարկումները ոչ օբյեկտիվ գնահատեցին եւ Սերժ Սարգսյանի, եւ արմատական ընդդիմության ներկայացուցիչները: Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանը Արմեն Հարությունյանին համարեց Սերժ Սարգսյանի փաստաբան: Հանրապետականի մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը պաշտպանին տեղյակ պահեց, որ իր գնահատականները պետք է իրականության հետ կապ ունենան: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս հետ չմնաց պաշտպանին գնահատելուց: Նա Արմեն Հարությունյանին անվանեց իր ամենաանհաջող կադրը:

Երրորդ պաշտպանը՝ նախկինում իրավաբան-հեռուստահաղորդավար Կարեն Անդրեասյանը օրոք համապետական ընտրություններից տեղի է ունեցել միայն 2012-ի խորհրդարանականը: Ընտրություններից հետո հունիսին հրապարակված արտահերթ զեկույցում պաշտպանը հրաժարվեց գնահատել ընտրությունների ընթացքը միաժամանակ նշելով, որ ընտրակաշառքի մասին փաստող ապացույցները եւ հիմնավոր վկայությունները բացակայում են: Նա նաեւ ավելացրել էր, որ վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերը այս ընտրություններին չեն կրել զանգվածային բնույթ: