Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Մելիքյանի գրառումը եւ ԿԸՀ պատասխանը

Քաղաքականություն
3def8f4a9d5d01f28ad34c6602845cc0

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի Ֆեյսբուքյան գրառումը.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը:
Երեկվա դրությամբ դիմումը դեռ տեղ չէր հասել: Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է... Դա իրենց գործն է` մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց` պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը: Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք:Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի 24.01.2013թ. ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի 15.01.2013թ. դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. հունվարի 18-ին կայացրել է թիվ 32-Ա որոշումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ. հունվարի 18-ի 15.00-ի հերթական նիստում նախատեսված էր Արման Մելիքյանի դիմումի քննարկումը, սակայն, իր իսկ խնդրանքով, հարցի քննարկումը տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ:

Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` 21.01.2013թ.-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Նշված որոշումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 22.01.2013թ.-ին, իսկ 23.01.2013թ.-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկությունները:

Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողությունններն առ այն, որ «երեկվա դրությամբ (խմբ. նկատի ունի 23.01.2013թ.) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Վերոգրյալ փաստական հանգամանքներով պայմանավորված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ու անընդունելի է համարում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի գնահատականները` իբր իր դիմումի պատասխանի «հատուկ ձգձգման» վերաբերյալ: