Նալբանդյանը բնորոշեց՝ ոչ կոռեկտ (տեսանյութ)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի ընտրությունների մասին Մեծ Բրիտանիայի դեսպանի մտահոգությունները բնորոշել է՝ ոչ կոռեկտ։
«Ընտրություններից առաջ ինչ-որ գնահատականներ տալ, թե ինչ է լինելու դեսպանի մակարդակով, չեմ կարծում այդքան կոռեկտ է»,-ասաց նա՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցի։
Պարոն Նալբանդյանը դեսպանի հայտարարություններին ուղղված Հայաստանի քաղաքացիների արձագանքների մի մասը համարել է տեղին, սակայն չի մատնաշել, թե հատկապես որ արձագանքները՝ դատապարտո՞ղ, թե քաջալերող։
«Դա դեսպանի որոշման հարցն է, եթե ինքը որոշել է այդպիսի բաներ անել, ուրեմն ինքը պետք է մտածի, թե ինչպիսի արձագանքներ կարող են լինել հանրային կարծիքում եւ ինչպիսի տրամադրություններ կարող են ստեղծվել այսպիսի քայլերի վերաբերյալ»,- հայտնեց նա։
Արտգործնախարարը պատասխանեց նաեւ «Ա1+»-ի այն հարցին, թե ի՞նչ կորցրեց Ադրբեջանը մարդասպան Սաֆարովին հայրենիք վերադարձնելուց հետո։ Նախարարը նկատեց, որ Ադրբեջանի ձեռքբերածը համաշխարհային մակարդակով դատապարտումներն էին եւ դժգոհություններն էին։
Նախարարը նշեց, որ Ադրբեջանն ուրիշ ծրագրեր ուներ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելով, մասնավորապես ուզում էր ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացը. «Եվ Հայաստանը անմիջապես հայտարարություն արեց, որ մենք շարունակելու ենք բանակցությունները»։
Նախարարն այսօր տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում։ Արտգործնախարարների մակարդակով սպասվելիք հանդիպումը չբացառեց.« Ամսի 28-ին հունվարի Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ եւ եթե անհրաժեշտություն լինի հանդիպում կկայանա հանդիպում արտաքին գործերի նախարարների միջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի»։
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առաջընթացի մասին նախարարն առայժմ ոչինչ ասել չի կարող։ Ի դեպ, նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ
«Եռանախագահներն ասել էին, որ չպետք է դա որեւէ ձեւով կանխորոշի ԼՂ ապագա կարգավիճակի հարցը»,- հայտնեց նա։