Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը հիշեց Նժդեհի պատգամները

Քաղաքականություն
fdebbbc81a6ce9f0cb474f836b5c05b2

«Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. «Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի»: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա «Ապահով Հայաստանի» պարտադիր պայմանն է: Այս պատվիրանը մենք կյանքի ենք կոչել և շարունակում ենք սրբությամբ հետևել դրան: Բայց այսօր, ցավոք, արդիական է հնչում նաև մեծ գործչի 5-րդ պատգամը. «Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա»:
Այս հարցը, ցավոք, մենք դեռևս չենք լուծել: Մեր հողի վրա դեռ կա աղքատություն, և այդ աղքատությունը կրճատելուն են ուղղված մեր ծրագրերն ու աշխատանքը»,-Սյունիքի մարզում իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։

Նախագահի թեկնածուն նշել է, որ քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում խոսել միայն դրական երևույթների մասին՝ խուսափելով դժվար հարցերից ու խնդիրներից. «Աղքատությունը շարունակում է մնալ մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկը... Փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, սոցիալական վճարներով ու բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ: Մենք պետք է մանրազնին անդրադառնանք և վերացնենք աղքատությունը ծնող պատճառները»։

Սյունիքի մեկ այլ բնակավայրում՝ Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է բնապահպանական խնդիրները: «Արտադրությունը և մասնավորապես արդյունաբերությունը` հանքաարդյունաբերությունն իհարկե, շատ լավ բան են: Բայց անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով, այդ թվում և՝ մարդկանց առողջության ու բնությունն անվերադարձ քայքայելու գնով: Այսօր այս հարցերում մենք որդեգրել ենք ավելի հեռատես քաղաքականություն, որ հիմնված չէ այսրոպեական շահի վրա: Այն նկատի է առնում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու և շահագործելու կարևորությունը: Մենք չենք փորձելու այսօրվա հարցեր լուծել՝ վտանգելով ապագան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կապանում ընտրողների հետ հանդիպմանը նա շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով Հայաստանի հիմքն են խաղաղությունն ու աշխատանքը: «Սյունիք-Լեռնահայաստանը ինձ համար առանձնահատուկ մեկնակետ է: Ինձ համար «Ապահով Հայաստանը» երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որ հնարավոր է իրականացնել հստակ փուլերով և հստակ ժամկետներում: «Ապահով» չի նշանակում միայն «անվտանգ»: «Ապահով» նշանակում է նաև «ապահովված»: Համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ներկայացրել գալիք տարիներին տնտեսական առաջընթացին միտված ծրագրերը, որոնք ապահովելու են նաև փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների ներդրման խրախուսման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացման և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցման արդյունքում:
«Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված է երկրում ժողովրդավարության խորացմանը և օրենքի գերակայության հաստատմանը, էականորեն բարեփոխել է մեր հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունները և նույնիսկ երկրի դիմագիծը: Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային կառույցների մոտեցումներին: Մենք հիմքեր ունենք վստահորեն առաջ շարժվելու զարգացման բոլոր ուղղություններով»,-սյունեցիներին ասել է Սերժ Սարգսյանն ու կոչ արել քվեարկել այնպես, ինչպես նրանց խիղճն է թելադրում, և ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի կլինեն մեր ժողովրդին:

Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը։