Պահանջում են Մակեյանի հրաժարականը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ իր գործողությունների հետ կապված որեւէ հարց այդպես էլ քննարկման չի դրել ու որեւէ բացատրություն չի տվել:
Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետեւյալ հայտարարությունը. Պետրոս Մակեյանը (որի գործունեության հետեւանքով է նաեւ, որ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հայտնվել է փողոցում) այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից։
ԺՀԿ հիմնադիր անդամներ,
Կուսակցության փոխնախագահ ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Կուսակցության քաղխորհրդի անդամ ՊԵՏՐՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ