Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի մուտքը Նազենին համեմատեց Մովսեսի գալստյան հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
a074ab1960f9f6d42023e152e5e3a909

Կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը: Մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը, քարոզարշավի տոնական հատվածի հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը փորձում էին զվարճացնել հավաքված երիտասարդներին, ուսանողներին: Նազենի Հովհաննիսյանը, մասնավորապես պատմում էր «ապարանցու մասին անեկդոտներ» ու նույնն էլ կոչ անում հավաքվածներին իրեն պատմել ամենաթարմ անեկդոտները:

Ապա սկսվեց միջոցառման նախապատրաստական փորձերը: Այն ավելի շատ հիշեցնում էր թատերական ներկայացում:

Պրոդյուսեր Ռոբերտ Հովհաննիսյանը բոլորին կոչ էր անում փորձարկել բոլոր վանկարկումները. Սկսեցին «Հա-յաս-տան», «Հաղ-թա-նակ» վանկարկումներից, ապա` նա ուղղորդեց հավաքված երիտասարդներին, թե ինչ պետք է անեն, երբ լսեն «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան» հայտարարությունը: Եղավ նաեւ նման կոչ. «Վերարկուները հանեք, կանգնեք առանց դրանց: Ուշադիր լսում եք հաղորդավարների տեքստերը ու հետեւում մեսիջներին ու նրանց ժեստերին, որ ճիշտ կողմնորոշվեք»:

Դրանից հետո Նազենի Հովհաննիսյանի տրամադրությունն այնքան բարձր էր ու նա այնքան բարեհամբույր էր, որ բոլորին կոչ արեց իրեն facebook-ում ընկերության առաջարկ ուղարկել, թեեւ իր ասելով, ընկերների ցանկն արդեն շատ է:

Հաջորդ կարեւոր փորձը դա մարդկանց միջով համապատասխան միջանցքի բացումն էր, որով պետք է անցներ Սերժ Սարգսյանը դեպի հարթակ: «Մի անգամ ել բացվեք, փակվեք, որ ցույց տանք, որ մենք կազմակերպված ենք: Մենք հենց հայտարարում ենք թեկնածուի անունը, բացվեք մի մարդու պես»,- հայտարարեց Նազելի Հովհաննիսյանն` ավելացնելով. «Տղեք ջան, ձախ արեք, ձախ, ով ալարի, տղա չի ունենա: Դե շատ շնորհակալություն, հետ ենք փակվում` ինչպես Մովսեսի գալուստը լինի Կարմիր ծովից»:

Արդեն բուն միջոցառման ժամանակ հաղորդավարները հայտարարեցին, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չէ, այլ խորհրդանշական է. 1990թ. օգոստոսի 23-ին այս վայրում ընթերցվել է ՀՀ Անկախության հռչակագիրը: «Իսկ մի քանի մետրի վրա է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որը նաեւ Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբն է»: Ի դեպ, կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ բաժանում էին եռագույն շարֆ եւ կանաչ տերեւներ Սերժ Սարգսյանի կարգախոսով` «Դեպի ապահով Հայաստան»:

Միջոցառման ժամանակ երգեցին Միհրան Ծառուկյանը, Նունե Եսայանը, իսկ Սերժ Սարգսյանի ելույթից հետո նաեւ` ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Հաղորդավար Ավետ Բարսեղյանը, դիմելով հավաքվածներին, հայտարարեց. «Սրտանց ու ջիգյարով ծածանեք կանաչ տերեւներն ու դեպի երկինք ուղարկեք մի շատ կարեւոր մեսիջ` «Մենք ուզում ենք ապրել շատ ապահով Հայաստանում», որից հետո «Հա-յաս-տան» վանկարկումների ներքո դահլիճ մտավ Սերժ Սարգսյանը: Այսօր տեղի ունեցավ նրա` «Դեպի ապահով Հայաստան» տեսահոլովակի երգի շնորհանդեսը, որի հեղինակն է իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանը, որն աշխատում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայությունում:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իր նախընտրական պայքարը որեւէ մեկի դեմ չէ. «Մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջ հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է: Սրանք իսկապես իրական են ապագա տարիների իրական գործերի համար»: Նա նաեւ վստահեցրեց, որ ինքն ու իր թիմը չի ընդունել ու չի ընդունի հասարակության մեջ հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու որեւէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը: «Մենք որեւէ բան քանդելու կոչ չենք անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող արմատացած, արատավոր երեւույթներ չեն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Կառավարության նիստերի դահլիճից նա ուղեւորվեց Ավան վարչական համայնք` քարոզարշավը շարունակելու: