ՀԱԿ-ը կարող է եւ արձակուրդ գնա՞լ
Հայ Ազգային Կոնգրեսը կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին, եթե նա հաղթի նախագահի ընտրություններում
«Ամեն դեպքում մենք ուզում ենք, որ մեր երկրում իրոք սահմանադրական կարգը վերականգնվի, թեկուզ էս իրավիճակում լեգիտիմություն ապահովվի»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ քննադատելով հանդերձ Սերժ Սարգսյանին։
Այնուամենայնիվ, տիկին Սարգսյանը տեսնում է, որ ժողովուրդը նախագահի ընտրություններին մասնակցելու խթան չունի, շատ պասիվ ընտրություններ են լինելու, որոնց ՀԱԿ-ը քարոզչական իմաստով չի միջամտելու. «Մենք 5 տարի այնքան ակտիվ գործողությունների մեջ էինք, որ մենք մեզ կարող ենք թույլ տալ 1-2 ամիս արձակուրդ վերցնել»
Ընտրություններին չմասնակցելով՝ Արամ Գասպարի Սարգսյանը պատրաստ է սատարել թեկնածուներից մեկին, մասնավորապես Սերժ Սարգսյանին, եթե, իհարկե, նա պարտավորվի, ասենք, կանգնեցնել արտագաղթը. «Ի՞նչ կապ ունի՝ մենք մի քիչ լավն ենք պաշտպանության մեջ, թե մի քիչ էլ ավելի լավ ենք արտաքին քաղաքականության մեջ»։։
Չպարտավորվելու դեպքում Արամ Սարգսյանն սպառնում է ավելի ուժեղացնել Սերժ Սարգսյանի հանդեպ իր ընդդիմադիր ձայնը։ Բայց արդեն ընտրություններից հետո։ Փաստացի նախագահի ընտրությանը Դեմոկրատական կուսակցության ղեկավարը ոչնչով խանգարել չի կարող, այդ մարդը մրցակցությունից դուրս է։
«Այս անգամ շատ ավելի մեղմ, հանգիստ, այսպես ասած անդորր է լինելու»,- ասաց նա։
Պարոն Սարգսյանը չի բացառում, որ Հանրապետական կուսակցությունը կարող է հարամել նաեւ նախագահի ընտրություններ կոչվող այս անդորրը, ասենք կարող են ավելացնել ընտրողների մասնակցության թիվը։ Չէ՞ որ երկրում, ըստ նրա, հազիվ 2 միլիոն մարդ կա, մինչդեռ ըստ ոստիկանության՝ միայն ընտրողները 2,5 միլիոն են։
«Եղած ժողովրդի քանակը պտի առավելագույնս խրախուսվի, որ գնա ընտրությունների, որ գոնե որոշակի լեգիտիմություն ստանա նախագահը։ Դե պատկերացրեք, եթե 600 հազար մարդ մասնակցի փաստացի 2.5 միլիոն ընտրողներից»,-ասաց նա։
Ի դեպ, պարոն Սարգսյանը կարծում է, որ ընտրություններից հետո երկրում ձեւավորվի նոր քաղաքական օրակարգ։ Բայց նախ ասպարեզից պետք է հեռանան երեք նախագահները։