Վարդան Ղուկասյանի որդին մեկնե՞լ է
Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Փարիզ։ Խուլիգանության մեջ մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը ազատության մեջ էր՝ ստորագրությամբ՝ Հանրապետությունից չբացակայելու պայմանով;
«Ա1+»-ը փորձեց պարզել. թե Վարդան Ղուկասյանի որդին ինչպես է կարողացել, եւ ինչ նպատակով է մեկնել Փարիզ , երբ է վերադառնալու։
Մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը խորհուրդ տվեց չսևեռվել Ղուկասյաննների ընտանիքի վրա:
«Մարդ է, իրա համար մեկնել է երևի, իրավունք չունի՞: Իսկ ինչի համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչու եք սևեռվել էդ ընտանիքի անդամների վրա»,-ասաց Լիլիթ Աղեկյանը:
Ոստիկանությունից Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ տեղեկություն մեզ խոստացան հայտնել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:
Սպարտակ Ղուկասյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):