Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննսիյանը պատրաստ է նաև երգել (տեսանյութ)

Քաղաքականություն
359acff9e31a7817ab0fa6f815300ca1

«Ժառանգություն» կուսակցություն առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն այսօր մեկնարկեց Ազատության հրապարակից: Մինչ նրա գալը կուսակցության ներկայացուցիչները, նրա համակիրներն ու պարզապես քաղաքացիները հավաքված էին Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ։

Նախագահի թեկնածուն հավաքվածներին մոտեցավ քիչ ավելի ուշ` առանց վերարկուի, իրեն ընդառաջ եկող քաղաքացինեին ողջունելով և ողջագուրվելով: «Առայժմ չեմ մրսում. ջերմությունը շատ է իմ մեջ և իմ շուրջ: Երևի կլինեն օրեր, որ կդիմեմ վերարկուի, բայց այսօր առայժմ լավ եմ»,- լրագրողների այն հարցին, թե արդյոք չի մրսում առանց վերարկուի՝պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր նախագահի թեկնածուի հետ չէր իր կինը` տիկին Արմենուհին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` կինը Հայաստանում չէ: Վաղը կվերադառնա և կմիանա ամուսնու քարոզարշավին: «Արմենուհին իմ կողքին է, ամենուր է իմ կյանքում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի ելույթին նախորդում էր սարերի քամու տեղաշարժը հիշեցնող հայտնի երգը, իսկ շատ երիտասարդներ քաղաքացիներին ծանոթացնում էին թեկնածուի նախընտրական ծրագրին` բուկլետներ բաժանելով:
«Ոչ երբեք Սերժի և Րաֆֆիի, կամ մեկ այլ հարգելի մրցակցի, այլ պայքար է գնալու Հայաստանի ժողովրդի և իշխանության միջև: Մեր անկախության 21 տարիների ընթացքում մենք առաջին անգամ ունենալու ենք դե յուրե նոր նախագահություն Հայաստանում»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը դառնա ՀՀ նախագահ, խոստանում է` առաջին մեկ տարվա ընթացքում շոշափելի բարեփոխումներ կատարել: «Ճարպը հանելով պետական բյուջեից, էս փորից, մեր վզերից, ստվերը բերման ենթարկելով` ժողովրդի մասնակցության և ընտրական հեղափոխության դեպքում, մի տարի անց 50%-ով կավելացնենք բոլորի կենսաթոշակները, գիտության և կրթության, առողջապահության, նոր սպառազինումների ֆինանսավորումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես նշեց նախագահի թեկնածուն` խոսքի ժամանակն անցել է և եկել է գործելու ժամանակը: Իսկ քաղաքացիներին բացատրելու համար, որ փետրվարի 18-ին իրենց ընտրության ժամանակն է, Րաֆֆի Հովհաննիսյանը պարտաստ է ցանկացած քայլի. «Պետք է անեմ ամեն ինչ. պետք է խոսեմ, պետք է համոզեմ, պետք է բանավիճեմ, եթե պետք է կերգեմ անգամ»,- ասաց նախագահի թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննսիյանը բուկլետներ բաժանող երիտասարդների հետ իր քարոզարշավը շարունակեց Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով` շարժվելով դեպի «Բարեկամություն» մետրո:

Ի դեպ, պարոն Հովհաննիսյանը «Բարեկամության» մետրոյի ճանապարհին հանդիպել է նաև հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: