Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ նախընտրական տարբերություններ (տեսանյութ)

Քաղաքականություն
9f9fe2f39c92e9625f47dcef980b24d5

Փորձագետներն այս ընտրություններն առանձնացնում են նրանով, որ փետրվարի 18-ը գրեթե ոչնչով նման չէ Հայաստանի նախագահի նախորդ 5 ընտրություններից ոչ մեկին:

Դիտարկելով նախագահի սպասվող եւ նախորդ ընտրությունները, առանձնացնենք 7 կետ, որոնք ցույց են տալիս 2013-ի եւ 2008-ի նախագահի ընտրությունների միջեւ եղած տարբերությունները։

Առաջին, 2008-ին ընդդիմությունն ուներ թեկնածու, որի ընդդիմադիր լինելուն ոչ մեկը չէր կասկածում։

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քանդելու ավազակապետության բուրգը, որի գագաթին մարդիկ էին, որոնց ինքն էր բերել Հայաստան: Այսօր հասարակության մեջ միանշանակ չէ, թե գործող նախագահի մրցակից 7 թեկնածուներից որ մեկն է ընդդիմադիր եւ որը իշխանության գործիք:

Երկրորդ, 2008-ին մարզային հեռուստաընկերությունները, Գալայից բացի, հրաժարվեցին եթերում նախընտրական քաղաքական գովազդներ տեղադրելուց: Բոլորը միաձայն պատճառաբանեցին` շահութաբերության իմաստով ձեռնտու չէ:

Երրորդ, այսօր իշխանությունը չունի այնպիսի մրցակից, որի թիմակիցների հանդեպ բռնություն գործադրելու կարիք կլինի: 2008-ին Արտաշատում քարկոծում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, Թալինում ձերբակալում էին նրա շտաբի անդամներին, իսկ Կապանում ոստիկանապետն ընդհանրապես փակեց առաջին նախագահի քաղաքում միակ նախընտրական շտաբը: Այս տարվա ընտրություններում նկատելիորեն պակասելու է ընտրակաշառքը, իշխանությունը նվազագույնի կհասցնի պետական հիմնարկներում աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների անձնագրերի հավաքումը, նկատելիորեն կպակասի ընտրակաշառքը:

Չորրորդ, Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուներից ոչ մեկը աջակցություն չի փնտրելու ոչ Ռուսաստանի քաղաքական վերնախավում, ոչ Արեւմուտքում:

Հինգերորդ, չկա այնպիսի ընդդիմադիր մրցակից, որի շտաբի դիմաց բողոքի ակցիաներ կանցկացնեն իշխանության թեկնածուի թիմակիցները եւ կպահանջեն Հայաստանից վտարել մրցակցին, որպես երկրի համար վտանգավոր մարդու:

Վեցերորդ, իշխանությունն առաջին անգամ կարիք չունի ասելու, որ ինքը անպայման ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ է անցկացնելու: 2008-ին Սերժ Սարգսյանն այդ հավաստիացումով մտավ ընտրապայքար եւ այդ հավաստիացումով քարոզարշավ անցկացրեց բոլոր մարզերում: Եվ վերջապես, յոթերորդ, իշխանությունը չունի այնպիսի ընդդիմադիր մրցակից, որը կարողանա իր շուրջը համախմբել նաեւ իշխանության ոչ միայն կողմնակիցներին, այլեւ ուժային եւ օրենսդիր ներկայացուցիչներին: Վերջապես իշխանության բարեհաճությունը վայելող գործարարները կարիք չեն ունենա դիմելու ընդդիմությանը այն տագնապով, որ հզոր ընդդիմադիր շարժումը կարող է վտանգել երկրի տնտեսական կյանքը:

Մհեր Արշակյան