«Բոլորին դեմ եմ»
«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը ԱԺ - ի խմբակցություններին կոչ է անում քվեաթերթիկում վերականգնել «բոլորին դեմ եմ» տողը:
Նման հայտարարությամբ այսօր հանդես եկան «Առաքելություն» կուսակցություն անդամները:
«Եթե ողջամիտ ժամանակում ԱԺ-ը մեր պահանջը չկատարի, մենք կդիմենք Սահմանադրական դատարան, պահանջով` ճանաչել դա սահմանադրությանը հակասող»,- ասաց նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Ըստ նախաձեռնության անդամ Մեսրոպ Առաքելյանի՝ քվեաթերթիկում այդ տողի բացակայությունը քաղաքացիների իրավունքների խախտում է. «Մենք սոցցանցերում հարցում ենք կատարել, թե ում կընտրեք նախագահի թեկնածուներից և մեծ մասը պատասխանել է՝ բոլորին դեմ եմ»:
Նախաձեռնության անդամների կարծիքով նախագահական ընտրությունները դեռ այսքան խայտառակ չեն եղել: Ըստ նրանց, առաջադրված բոլոր թեկնածուները միայն սիմվոլիկ են և չկա որևէ մեկը, ով կպայքարի Սերժ Սարգսյանի դեմ: Սերժ Սարգսյանը վերջին 5 տարիներին, ոչ միայն չի կատարել իր խոստումները այլ երկրի վիճակն ավելի է վատացրել:
«2008 թվականի Սերժ Սարգսյանի ծրագրի համաձայն խոստացված միջին 40 հազար կեսաթոշակի փոխարեն 27 հազար է, ուսուցչի աշխատավարձը խոստացված 200 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ է: Այս բոլոր ցուցանիշները մեկ անգամ ևս խոսում են այն մասին, որ հասարակությունը վերջին 4 տարիներում, չնայած գնաճին, ավելի վատ է ապրում քան նախկինում: Սա նաև արտագաղթի հիմնական պատճառն է»,- նշեց նախաձեռնության անդամ Մեսրոպ Առաքելյանը: