Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյանը գովեց Վրաստանի վարչապետին

Քաղաքականություն
cbebca7b8907a3728394f0139c358e1c

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իշխանության գալով, սկսել է վարել ավելի իրատեսական քաղաքականություն, որը սուր է ընկալվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այսօր նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Թուրքիայում գործում է բավականին ուժեղ ուղեղային կենտրոն: Կոչվում է «21-րդ դար»: Այդ կենտրոնը գտնում է, որ Վրաստանը սկսել է մի գործընթաց, որը հանգեցնելու է նրան, որ Վրաստանը Հայաստանի և Ռուսաստանի հետ դաշնակից միություն կազմի»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ըստ փորձագետի` Վրաստանի կողմից Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը լուրջ խոչընդոտներ կառաջացնի Ադրբեջանի և Թուրքիայի համար` մեր տարածաշրջանում իրենց պլաններն իրագործելու հարցում:

«Եթե, իրոք, բացվի վրաց- աբխազական երկաթուղին, ռազմավարական առումով էապես կփոխվի ողջ իրադրությունը մեր տարածաշրջանում: Այս պարագայում մերք գործ ունենք մի մարդու հետ, որը բավականին ադեկվատ է և լուրջ է նայում խնդիրներին»,- Բիձինա Իվանիշվիլու մասին ասաց Գագիկ Հարությունյանը:

Փորձագետը համոզված է, որ Բիձինա Իվանիշվիլիի ձգտում է հայ- վրացական հարաբերությունների ամրապնդմանը, սակայն նրա իշխանության օրոք ևս չպետք է ակնկալել, որ կբարելավվեն ջավախահայերի խնդիրները:

«Թեև այն առաջարկությունները, որոնք արվել են Իվանիշվիլուն Երևանում, այդ թվում նաև մայրենի լեզվով ուսուցումն իրականացնելու հարցը, խիստ տեղին են, և կարծում եմ, որ դրանք կլինեն այն ցուցանիշներից մեկը, որ հարաբերություններն իրոք փոխվում են»,- ասաց փորձագետը:

Գագիկ Հարությունյանի կարծիքով հայ- վրացական հարաբերությունները կհստակեցվեն Վրաստանում նախագահական ընտրություններից հետո: Փորձագետը համոզված է, որ հայ- վրացական հարաբերությունները բարելավելու հարցում ավելի ձեռնտու է ոչ թե Սահակաշվիլիի, այլ հենց Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած իշխանությունը: