Դա լուրջ մտահոգության առարկա է
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ պատվիրակությունը, որը Հայաստանում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական միջավայրը գնահատելու նպատակով, ողջունել է միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ կազմակերպելու Հայկական իշխանությունների մտադրությունը:
Այնուհանդերձ, պատվիրակության համար հիմնական մտահոգության առարկա են հանդիսանում ընտրացուցակների շարունակվող էական անճշտությունները, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռևս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Պատվիրակությունը նաև հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել:
Պատվիրակությունը նաև նշեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են դա չանել ընտությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով: Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` բերելով առավել ցավալի իրավիճակի, քանզի առաջիկա ընտրությունները արդեն իսկ ստվերված են համընդհանուր անտարբերությամբ և անվստահությամբ: Պատվիրակությունն ընդգծեց, որ պետք է վերականգնել քաղաքացիների վստահությունը, քանի որ պատշաճ ընտրություններն էական են ժողովրդավարական զարգացման համար:
Այն նաև հույս է հայտնել, որ 2012թ. Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները` մասնավորապես ընտրողների նկատմամբ սպառնալիքների դեպքերը և վարչական ռեսուրսների լայնազանգված օգտագործումը, արդեն շտկվել են այնպես, որ նման երևույթներ այլևս չկրկնվեն: Պատվիրակությունը նաև հուսով է, որ բոլոր թեկնածուների համար կստեղծվի հավասար խաղադաշտ` այդ թվում հավասարակշիռ լուսաբանման միջոցով:
Պատվիրակությունը ողջունում է մամուլի ազատության աճը և հուսով է, որ գրանցված թեկնածուները կսկսեն ընտրարշավը հիմնվելով կոնկրետ քաղաքական ծրագրերի վրա, և որ հանրային բանավեճը առավել կկենտրոնանա բովանդակության վրա, որպեսզի ընտրազանգվածը առավել տեղեկացված ընտրություն կատարի:
Պատվիրակությունը տեղյակ է 2011թ.-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի ներմուծած իրավական բարեփոխումների մասին: Այն սակայն պնդում է, որ օրենսգրքի արդար և պատշաճ կիրառումը նույնքան կարևոր է, որքան օրենսգիրքն ինքը:
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևանում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով: Այն հանդիպումներ է ունեցել նախագահի թեկնածուների հետ, այդ թվում ներկա նախագահի, խորհրդարականական խմբակցությունների ղեկավարների, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Ոստիկանության պետի, Գլխավոր դատախազի, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի և Երևանում հավատարմագրված դիվանագետների հետ:
Հիմնական` 22 անդամից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը Երևան կժամանի փետրվարի կեսերին ընտրությունների դիտարկման համար: ԵԽԽՎ պատվիրակությունը իր դիտողություններն ու հանձնարարականները կներկայացնի Վեհաժողովին ապրիլին Ստրասբուրգում կայանալիք նիստի ժամանակ: