Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները կկեղծվեն... ընդդիմության օգտի՞ն (տեսանյութ)

Քաղաքականություն
8b3cab4fb60730d9290ed9493a4dc2ea

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը եւս հինգ տարով կզբաղեցնի նույն պաշտոնը՝ հմուտ թվանկարչության արդյունքում:

«Այն պահին, երբ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն մասնակցելու ընտրություններին, հենց այդ պահից էլ պարզ դարձավ, որ ընտրությունները դեռ չսկսված, փաստացի ավարտվել են, եւ մենք ունենք էպոսագետին հաղթած նախագահ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բադալյանը։

Նրա ձեւակերպմամբ՝ «փետրվարյան թվանկարչությանը» չորս թիվ է կեղծվելու։ Նախ՝ կեղծվելու են քվեարկության մասնակցության տվյալները։ Ըստ քաղտեխնոլոգի, եթե ազդեցիկ ուժերն ընտրություններին չեն մասնակցում, դժվար կլինի մասնակցության մեծ տոկոս ապահովել։

«Մի մասը գիտակցված կգնա, գործող նախագահին ձայն կտա՝ հանրապետական շրջանակները, գործարարները։ Մնացածների մասով գյուղապետերին «պետպատվերով» ցուցակ կիջեցվի՝ «գյուղում գրանցված այս 300 մարդուց ընտրություններին պիտի գրես, որ մասնակցել են, մոտավորապես, 210 հոգի։ Ձայներն էլ էսենց կբաժանես՝ էսքանը գործող նախագահին, երկրորդր տեղի մարդուն այսքան տոկոս, մնացածներին մի բան կամ կգրես, կամ չես գրի», - քվեարկության՝ իր սցենարը ներկայացրեց Արմեն Բադալյանը։

Բացի դրանից, ըստ նրա, քանի որ ներկա պայմաններում ընտրություններով հետաքրքրված մարդկանց շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշը բավական բարձր է, եվրոպացի գործընկերների մոտ մրցակցային ընտրութունների տպավորություն թողելու համար իշխանությունները ստիպված են լինելու նվազեցնել Սարգսյանի օգտին տրված ձայների ցուցանիշը։

«Չի կարելի հանդուրժել, որ Սարգսյանն ընտրվի 85-90 տոկոսով, դրա համար, նրան տրված ձայների թիվն արհեստականորեն իջեցվելու է՝ մյուս թեկնածուների ցուցանիշներն ավելացնելու հաշվին», - նշեց Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, «նկարվելու» են նաեւ երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուի ցուցանիշները եւ անվավեր քվեաթերթիկների քանակը։

«Սերժ Սարգսյանի ազդեցությունն օրեցօր թուլանալու է»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի կիսում այն կարծիքը, թե նախագահի ընտրությանը չմասնակցելով՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն հայտնվեցի քաղաքական լուսանցքում։

«Ուղղակի նրանք այս պահին հրաժարվեցին պայքարից, քանի որ գիտեին, որ կանխորոշված է լինելու արդյունքը», - ասաց նա։
Ըստ պարոն Բադալյանի, քաղաքական դաշտը կաշխուժանա անմիջապես փետրվարի 18-ից հետո։ Փետրվարի 18-ից հետո արդեն բոլոր հանրապետականները ասելու են՝ Սերժ Սարգսյանին մնաց հինգ տարի։ Սա նշանակում է, որ եթե մինչեւ փետրվարի 18-ը հանրապետական կուսակցության ղեկավար գործիչներն աշխատելու են Սերժ Սարգսյանի համար, փետրվարի 18-ից հետո աշխատելու են յուրաքանչյուրն իր համար։ Յուրաքանչյուր օր Սերժ Սարգսյանի ազդեցությունը թուլանալու է։ Առաջ է գալու ժառանգորդի հարցը։ Այ էդ ժամանակ նոր խաղի մեջ կմտնեն թե ԲՀԿ-ը, թե ՀԱԿ-ը, եւ կսկսվի իսկական պայքարը։ Եվ այդ ժամանակ արդեն ՀՀԿ-ը չի ունենալու մենաշնորհ», - նշեց քաղտեխնոլոգը։ Ըստ նրա, «ժառանգորդի» հարցում պայքար կընթանա նաեւ ՀՀԿ-ի մեջ առկա տարբեր խմբավորումների միջեւ։