Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադիբեկյանը նոր հիվանդություն է հայտնաբերել

Քաղաքականություն
db48b6d0c320638a65a711fa350a377f

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախագահի իդեալական թեկնածուների մասին իր պատկերացումները. «Նա պետք է հարգի նախագահի ինստիտուտը, դա բավականին մեծ մակարդակ է, որին հասնելու համար միայն սահմանադրական իրավունքը բավարար չէ , պետք է ունենալ թիմ, այդ թիմը պահել կարողանալու կարողություններ»:

Հակառակ դեպքում, ըստ Ադիբեկյանի, թեկնածուն նմանվում է խեղկատակի, ընտրությունները նմանվում են գաճաճների թատրոնի, իսկ «դրսում» մենք երևում ենք բավականին ծաղրանկարային իրավիճակում:

Ըստ սոցիոլոգի` նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուներից շատերը հաղթելու ոչ մի շանսեր չունեն և նրանց առաջադրումը անիմաստ է. «Այսպես, օրինակ, Արամ Հարությունյանը 2003-ի նախագահական ընտրություններին հավաքել է 1300 ձայն, հաջորդին` 2900 ձայն, եթե այսպես գնա 9 ընտրություն հետո` 45 տարի հետո, նա կհասնի նախահագական մակարդակի ձայների»։

Սոցիոլոգի կարծիքով` նման արդյունքների դեպքում առաջադրումը կամ մանկամտության հետևանք է, կամ էլ հիվանդություն է. «Մարդիկ կան, որ մտնում են ազգի փրկության դերակատարության մեջ և չեն կարողանում դուրս գալ, դա նաև տգիտության արդյունք է, մարդիկ չեն հասկանում , թե ինչ է իրենից ներկայացնում ընտրական գործընթացները»:

Ահարոն Ադիբեկյանը նախագահական ընտրություններին տեսականորեն չի բացառում երկրորդ փուլը, ինչպես նաև հնարավոր է Սերժ Սարգսյանի պարտությունը, բայց ինչպես սոցիոլոգն է նշում` միայն տեսականորեն. «Սակայն դա կյանքի կոչելու համար հնարավոր են կարողություններ` շտաբեր ստեղծել, ունենալ քարոզողներ, մեծ թիմ, պարզ է, որ ո'չ Արամ Հարությույանը, ո'չ Հայրիկյանը այդ կարողությունները չունեն»:

Սոցիոլոգը, ներկայացնելով վերջին սոցհարցումների արդյունքները, նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հավակնի չափավոր ընդդիմության ձայներին, Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի՝ ծայրահեղ ընդդիմության ձայներին. «Հայրիկյանը հիշողություններում կարող է ինչ-որ վարկանիշ ունենա, մյուսները ` էպոսագետներ և այլք, կմնան մեկ տոկոսի սահմաններում»: