Րաֆֆի Հովհաննիսյանը կսպասի երկրորդ փուլին (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցանկացած որոշում։ Կուսակցությունը հայտարարել է, որ չի պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։
«Դա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի վրա բացարձակապես չի ազդելու եւ այդ պայքարում նա ընթանալու է առաջ, միանշանակ նա կլինի ընդդիմության կողմից իսկապես առաջատար թեկնածու»,- այսօր «Ա1+»-ին ասաց նա։
Այսօր պարոն Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը այն հայտարարությանը, թե իրավիճակի փոփոխության հնարավորություն է տեսնում, եթե առաջադրված թեկնածուներից Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:
Ըստ նրա՝ դա ժամանակը հնարավոր է գա միայն երկրորդ փուլի ժամանակ. «Ճիշտ կլինի սպասենք, թե ինչպես են զարգանում գործընթացները»։
Նա այսօր մեկ անգամ եւս անդրադարձավ նախագահի այն հրապարակումներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության ներդրած թեկնածուն է.
«Տարիներ շարունակ «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին նմանատիպ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հատկապես քարոզարշավի ժամանակ եւ շանտաժային ինչ-որ բառեր են ասում, որից կարճ ժամանակ անց պարզ է դարձել, թե իրականում ով էր իշխանության թեկնածուն եւ ինչի համար էր իր թեկնածությունը դրել եւ կամ ում դեմ էր իր թեկնածությունը դրել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ընտրությունները բոյկոտելը ընդհանրապես օգուտ չի տա, որովհետեւ 100 տոկոսանոց բոյկոտ հնարավոր չէ իրականացնել։
«Բոյկոտի մասին կարելի էր խոսել այն ժամանակ, քաղաքական ուժերը, խորհրդարանի ընտրություններից հետո իրենց մանդատները չվերցնեին»,- եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։