Բաշար Ասադը կգնա մինչեւ վերջ (տեսանյութ)
Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առաջարկեց երկրում քաղաքացիական պատերզմին վերջ տալու իր ծրագիրը: Ըստ դրա, Ասադը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Սիրիայի ընդդիմության այն ներկայացուցիչների հետ, որոնք «չեն դավաճանել Սիրիային», այսինքն՝ օտարերկրյա ուժերից աջակցություն չեն ստացել։
Արեւելագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Ասադը որեւէ նոր բան չի առաջարկել՝ իրականում իր ելույթով ուղերձ է հղել իր իշխանության մոտալուտ վախճանը կանխագուշակող Արեւմուտքին, որ պատրաստ է գնալու մինչեւ վերջ։
«Ասադը հասկացնել տվեց, որ ես դեռ իմ երկրի տերն եմ, դեռ վաղ է ինձ երկրից հեռացնելը։ Եվ ես եմ պայմաններ առաջարկում, համաձայն որոնց կիրականանան ճգնաժամի հանգուցալուծումը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց արեւելագետը։
Արմեն Պետրոսյանն օտարերկրյա ռազմական միջամտությունը Սիրիայում քիչ հավանական է համարում։ Իսկ հակամարտության զարգացման երեք հնարավոր սցենարներից մեկով, ըստ նրա, Ասադի վարչակարգը կպարտվի եւ երկիրը կընկնի քաոսային իրավիճակի մեջ։
«Այն քաոսային իրավիճակը, որը մենք տեսնում ենք հիմա ընդդիմության ներսում, կառաջանա ողջ Սիրիայում։ Եվ այս երկիրը բավական տեւական քաոսի մեջ կընկնի։ Սա հասկանում են նաեւ արտաքին խաղացողները, հետեւաբար այս սցենարը քիչ հավանական է, համենայնդեպս, այս փուլում», - նշեց Արմեն Պետրոսյանը։
Հաջորդ հնարավոր սցենարն, ըստ նրա, Սիրիայի մասնատումն է, որը նույնպես ձեռնտու չէ օտարերկրյա խաղացողներին։ Արեւելագետի ներկայացրած ամենաընդունելի սցենարը միջազգային երաշխիքների ներքո կոնսենսուսի արձանագրումն է։ Նման զարգացումը բխում է նաեւ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին քաղաքականության շահերից։
«Երբ երաշխիքներ կտրվեն, որ հակամարտության ավարտից հետո փոքրամասնություն կազմող ալավիները կամ քրիստոնյաները խնդիրներ չեն ունենա, այդ դեպքում հնարավոր կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել ապագայի հետ կապված հարցերը», - նշեց պարոն Պետրոսյանը։
Ըստ նրա, այս սցենարի հավանականության օգտին են խոսում նաեւ Սպիտակ տանը առաջիկայում սպասվող նշանակումները։ Մասնավորապես, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հիմնական թեկնածու Չաք Հեյգելը հայտնի է Մերձավոր Արեւելքում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշմամբ, իսկ պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերրին նախկինում բավական ջերմ հարաբերությունների մեջ է եղել Բաշար Ասադի հետ։