Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Սպորտ

Սլովակիայում անհաջողության մատնված ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն արդեն վերադարձել է հայրենիք, իսկ ահա այսօր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս տվեց: Մարզիչը նշեց անհաջողության հիմնական պատճառները:

Նախ հավաքականի նախապատրաստական փուլը անհաջող էր ընթացել, քանի որ ֆուտբոլիստները ոչ միշտ են եղել Մինասյանի տրամադրության տակ: Մինչեւ Սլովակիա մեկնելը 19 տարեկանները ընդամենը 2 շաբաթով են ուսումնամարզական հավաք անցկացրել եւ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ինչպես հարկն է պատրաստվել մրցաշարին:

Բացի այդ մրցակիցները բավականին ուժեղ էին, որոնց կազմում հանդես են գալիս բացառապես 19 տարեկան ֆուտբոլիստները, մինչդեռ մեր թիմում խաղում են հիմնականում 17-18 տարեկան խաղացողներ:

Վարդան Մինասյանն ասաց, որ ինքը անակնկալի եկավ երբ հայ ֆուտբոլիստները անհասկանալի երկչոտությամբ հանդես եկան եւ չկատարեցին իր տված առաջադրանքները: «Մեր մենթալիտետը, հոգեբանությունը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը խանգարեցին, որպեսզի լավ հանդես գանք: Սակայն այս ամենն առկա էր հայ ֆուտբոլիստների մոտ, իսկ հավաքականում ընգրկված 3 սեւամորթ ֆուտբոլիստները (Ապուլա Բետե, Կառլ Լոմբե, Բալեպ Բա Նդումբուկ- խմբ.) ցուցաբերեցին պրոֆեսոնալիզմ», - ասաց Մինասյանը:

Վերջինս նշեց նաեւ եւս մեկ հանգամանքի մասին, որը վերաբերվում էր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլում ունեցած հաջողություններին. Վարդան Մինասյանը անկեղծորեն խոստովանեց, որ այն ժամանակվա հաջողությունը բավականին պատահական էր եւ իր ասածները հիմնավորելու համար նշեց. «1-ին փուլի մրցակիցները ավելի թույլ էին: Նրանցից միայն Ֆրանսիան կարող է համեմատվել Գերմանիայի եւ Պորտուգալիայի հետ: Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում մեր ֆուտբոլիստները 2 անգամ են անցել դաշտի կենտրոնը»:

Մինասյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը կշարունակի մարզել հավաքականը: Պարտության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ֆուտբոլիստների տառապում են աստեղային հիվանդությամբ:

Ըստ Վարդան Մինասյանը այս հարցում իրենց մեղքի բաժինը ունեն նաեւ լրագրողները, որոնք անհիմն գովաբանում են պատանի ֆուտբոլիստներին, որոնք դեռ մեծ ֆուտբոլ չեն խաղացել: