Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեքեյանի «Հատընտիրը»՝ ընթերցողի սեղանին

Հասարակություն
1b069b64ef76a22af9a58efec3a864bf

«Թեքեյանը մեր հին, բայց չհնացող բանաստեղծն է` դասականի իրավունքով: Սակայն ինչպես իր անձը, այնպես էլ գրականությունը եղավ դժվարամատույց` հակառակ իր պարզության»,- «Վահան Թքէեան- Բանաստեղծութիւններու հատընտիր» գրքի խմբագրականում գրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, սփյուռքահայ ականավոր գրական-մշակութային գործիչ, անվանի գրականագետ, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանը:

Այսօր Թեքեյան մշակութային միությունում տեղի ունեցավ միության նախաձեռնությամբ օրերս հրատարակված «Թեքեյան մրցանակակիրներ» եւ «Վահան Թեքեյան- Բանաստեղծությունների Հատընտիր» գրքերը:
«Հատընտիր»-ը հայ ընթերցողին է ներկայացնում Վահան Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները՝ բաժանված իմաստային 5 գլուխների, որոնցով առավել սիրելի ու ճանաչելի է դառնում անվանի բանաստեղծը:

«Թեքեյանի մրցանակակիրներ» տարեգիրքն ասես Թեքեյան մշակութային միության ծավալած հասարակական, մշակութային գործունեության յուրահատուկ ամփոփոխումն է ու նաեւ դրա վկայությունը: Թեքեյան մրցանակի արժանացած ավելի քան 100 ճանաչված արվեստագետների, հասարակական, պետական գործիչների կենսագրություններ ու լուսանկարներ է ամփոփում այս հոբելյանական տարեգիրքը:

Գրքի առաջաբանում ՀԹՄՄ նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը փաստում է 1993-ից 2010 թվականներին Հայաստանի գրական, հասարակական եւ մշակութային կյանքում միության ձեռք բերած նշանակության մասին:
Ի դեպ, միջոցառման ընթացքում Երվանդ Ազատյանը Թեքեյան մշակութային միության որոշմամբ միության բացառիկ պարգև ՙԱդամանդակուռ Արարատ՚ շքանշաններ հանձնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին:

Գրքերի շնորհանդեսին ներկա էին ճանաչված պետական, հասարակական գործիչներ, անվանի արվեստագետներ, գրողներ և գրականագետներ,ինչպես նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն իր խոսքում ընդգծեց, որ Թեքեյան մշակութային միությունը պահպանել է մշակութային լավագույն ավանդույթները եւ յուրաքանչյուր միջոցառում Թեքեյանում երաշխավորում է մշակութային մթնոլորտ, մտածող ու ստեղծագործող անհատների մեկտեղում: