Մխիթարյանը պատրաստվում է ՉԼ-ի խաղին
Ուկրաինայի ֆուտբոլի չեմպիոնի՝ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն երկրի առաջնության հերթական խաղում մտածված հանգիստ է տվել 7 ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Պատճառն այն է, որ «Շախտյորն» այժմ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Զենիթի» հետ արտագնա խաղին, ուստի ռումինացի մասնագետը նպատակահարմար է գտել լրացուցիչ չծանրաբեռնել թիմի առանցքային ֆուտբոլիստներին:
Խոսելով վաղը կայանալիք հանդիպման մասին, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայում լույս տեսնող ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթին ասել է, որ հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի իրենց համար:
«Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտին քիչ խաղեր են մնացել, ուստի պետք է աշխատենք հնարավորին շատ միավորներ վաստակել դրանցում» - ասել է հայ ֆուտբոլիստը:
Դոնեցկի «Շախտյորը» երեք տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ իր խմբում զբաղեցնում է վերջին` 4-րդ տեղը: Եթե դոմբասցի ֆուտբոլիստները պարտվեն Ռուսաստանի չեմպիոնին, ապա կկորցնեն «փլեյ օֆֆ» մտնելու շանսերը: