Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ այցերի արդյունքները դրական են գնահատել։
Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է կառուցողական և բավական անկեղծ, իսկ հիմնական թեման Ուկրաինայի կարգավորման հարցն է եղել։ Թրամփը նշել է, որ ցանկանում է իր նախագահության ընթացքում առաջընթաց արձանագրել Ուկրաինայի կարգավորման հարցում։ Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը և անհրաժեշտության դեպքում շարունակել հեռախոսազրույցները։
Պուտինը Թրամփին ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի։ Նա նաև ներկայացրել է Ռուսաստանի գնահատականը ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոսել Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակներին հասնելու՝ Մոսկվայի մոտեցումների մասին։
Ուշակովի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նաև նշել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու ուղղությամբ։
ՌԴ նախագահի օգնականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքին։ Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի գնահատականը ռազմաճակատում իրադրության և ռուսական կողմի առաջխաղացման վերաբերյալ։
Պուտինն ու Թրամփը նաև քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները։ Թրամփը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը կարող է ճանապարհ բացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լայնածավալ վերականգնման համար, իսկ Պուտինը աջակցել է ռուս-ամերիկյան կառուցողական գործընկերություն ձևավորելու նրա մոտեցմանը։
Ուշակովի խոսքով՝ երկու նախագահների երեքշաբթի կայացած հեռախոսազրույցը տևել է ուղիղ մեկ ժամ։