Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատմում են, որ Պուտինը ցանկ էր ներկայացրել Փաշինյանին․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Մեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ պատմում են, որ հեղափոխությունից անմիջապես հետո, եթե չեմ սխալվում՝ Սոչիում, Պուտինը ցանկով հերթով հարցրել է Փաշինյանին՝ ուզո՞ւմ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Փաշինյանն ասել է՝ ոչ։ Ուզո՞ւմ եք ռազմաբազան բազան հանել։ Փաշինյանն ասել է՝ ոչ։ Պուտինն ինչ ասել է, Փաշինյանը բոլոր հարցերին ասել է՝ ոչ։ Մեր հարաբերությունների մեջ բազմաթիվ այդպիսի հարցեր կան։ Մեկը ռազմաբազան է, մեկը հայ-թուրքական սահմանին կանգնած՝ սահմանապահ զորքերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելու մասին Փաշինյանի և Պուտինի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, իրենք կհեռանան։ «Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

ՀՀ վարչապետն արդեն Հայաստանում արձագանքել էր, թե ՀՀ-ն երբեք այս ընթացքում այդ հարցը չի բարձրացրել, բայց եթե «ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»։ «Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով որ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան կենսական նշանակություն չունի։

Էդմոն Մարուքյանն ասում է, եթե ինքը լինի որոշողը, ռազմաբազան կպահպանի։

Մանրամասները՝ տեսանյութում։