Թեժ հանրային քննարկում Վայքի Զառիթափ բնակավայրում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎայոց ձորի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում այսօր՝ օգոստոսի 21-ին, Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ծրագրի շուրջ հանրային քննարկումները մեկնարկեցին թեժ բանավեճով։
Քննարկումները նախաձեռնել է «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ցանկանում է ստանալ Սոֆի-Բինայի հանքավայրի արդյունահանման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև Զառիթափի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ։
Քննարկման ընթացքում հիմնական վեճերից մեկը վերաբերում էր հանրային լսումների ընթացակարգին։ Նախագիծը նախկինում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել էր բացասական եզրակացություն, սակայն կրկին ներկայացվել է փորձաքննության՝ այս անգամ անմիջապես երկրորդ փուլի հանրային քննարկմամբ։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գործընթացը խնդրահարույց համարեց՝ նշելով, որ այս դեպքում համայնքի կարծիքը դուրս է մնում գործընթացի սկզբնական փուլից, իսկ որոշման կայացման հնարավորությունը հիմնականում մնում է լիազոր մարմնի տիրույթում։
«Այս դեպքում համայնքի կարծիքը դուրս է մնում գործընթացից և որոշում կայացնելու իրավունքը մնում է բացառապես լիազոր մարմնի տիրույթում»,- ասել է Դուլգարյանը՝ առաջարկելով գործընթացը սկսել զրոյից՝ առաջին հանրային լսումից։
Նրա խոսքով՝ եթե օրենքի բացերը թույլ են տալիս շրջանցել առաջին փուլը, կարող է ձևավորվել այնպիսի պրակտիկա, որի արդյունքում հանրության մասնակցությունը փաստացի կսահմանափակվի։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ նախորդ՝ մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած լսումների ընթացքում համայնքը կարծիքների ստացման փուլում դրական դիրքորոշում էր հայտնել։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանը, արձագանքելով քննադատությանը, նշել է, որ նախարարությունը մշտապես լսում է հանրության կարծիքները, հատկապես քաղաքականությունների մշակման գործընթացում, և հանրային լսումների գործընթացը ուշադրության կենտրոնում է։
Մարզպետի աշխատակազմը նախագիծը ռիսկային է համարում
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի բնապահպանության բաժնի պետ Գեղամ Մարգարյանը հայտարարել է, որ հանքի ծրագիրը բնապահպանական ռիսկեր է պարունակում։
Նրա խոսքով՝ այն կարող է վտանգել ջրային ավազանները և ամառային արոտավայրերը, ինչպես նաև հակասում է մարզի զարգացման մի շարք ուղղություններին՝ գինեգործությանը, էկոտուրիզմին և օրգանական գյուղատնտեսությանը։
«Հանքի ծրագիրը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, այն կվտանգի ջրային ավազանները, ամառային արոտավայրերը»,- ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ որպես մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ՝ իր պարտականությունն է ներկայացնել ծրագրի բնապահպանական հնարավոր վտանգները։
Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանն էլ անդրադարձել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում շրջանառվող օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ նշելով, որ դրանում նախատեսվող որոշ դրույթներ կարող են թույլ տալ, որ նույնիսկ համայնքի բացասական դիրքորոշման դեպքում գործընթացը շարունակվի և անցնի փորձաքննական փուլ։
Նրա գնահատմամբ՝ սա կարող է վտանգավոր միտում լինել տեղական ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության տեսանկյունից։
«Մենք շատ վտանգավոր տենդենց ենք տեսնում, որ տեղական ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության տեսանկյունից կառավարությունը գնում է այնպիսի պրոցեսներով, որտեղ ավելի շատ նախապատվությունը տրվում է բիզնես շահերին, քան քաղաքացիների ձայնը լսելի դարձնելուն»,- ասել է Աբրահամյանը։