Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պաշտպանների մամլո ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը սկսվեց «Սրբազան պայքարի» գործին առնչվող վերջին զարգացումների ներկայացմամբ։

Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Տաթևիկ Սողոյանը հայտնեցին, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետներն ուսումնասիրել են «Սրբազան պայքարի» գործին առնչվող պաշտպանական կողմի ներկայացրած նյութերը և մտահոգություններ հայտնել գործի, «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ քրեական հետապնդման, նրանց ազատազրկման, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ։

Տաթևիկ Սողոյանը նշեց, որ ինքն է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 մեղադրյալների պաշտպանական թիմի անունից դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին։

Փաստաբանի խոսքով՝ ՄԱԿ-ի փորձագետների կողմից Հայաստանի կառավարությանը ներկայացված հարցադրումները վերաբերում են նաև 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերին։

«ՄԱԿ-ի փորձագետներին մեր կողմից ներկայացվող փաստարկները կուղարկվեն, և կուղարկվեն նաև հակափաստարկները այն հայտարարություններին, որոնք ուղարկել են իշխանությունները՝ որպես արդարացում իրենց հանցագործությունների և 18 արդարների խայտառակ ապօրինի մեղադրանքների», - ասաց Սողոյանը։

Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի փորձագետների գրությունն ինքնին իրավական պարտադիր ուժ չունի, սակայն, իր գնահատմամբ, եթե գործը հասնի միջազգային ատյաններ, այդ կարծիքը կարող է էական նշանակություն ունենալ։

Սողոյանը նաև կապ է տեսնում ՄԱԿ-ի կողմից Հայաստանի կառավարությանը ուղարկված գրության և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցի փոփոխության միջև։

ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած մտահոգությունների վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանը խոսեց նաև փորձագետների հարցադրումների մասին։

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրող կողմը ցուցարարները չեն եղել։

Հիշեցնենք՝ այս պահին «Սրբազան պայքարի» գործով անցնող 18 մեղադրյալներից ոչ ոք կալանավայրում չէ։ Գալստանյանի խափանման միջոցը փոխելուց առաջ դատարանը վերջին ամիսներին նման որոշումներ էր կայացրել նաև մյուս մեղադրյալների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում