Փրկվել է 67 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ դեպք և պատահար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվը նվազել է 1364-ով կամ 17.5 տոկոսով։ Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։
ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալներով՝ գրանցված դեպքերից 4737-ը եղել են տեխնածին, 569-ը՝ տարերային, իսկ 1115-ը՝ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքեր։
Դրանց հետևանքով 2026 թվականի առաջին կիսամյակում զոհվել է 146, տուժել՝ 4357 մարդ։ Փրկարարական ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում փրկվել է 67 մարդ։
Գրանցված արտակարգ դեպքերի զգալի մասը բաժին է ընկել հրդեհներին՝ 2431 դեպք կամ ընդհանուրի 37.9 տոկոսը։ Ճանապարհատրանսպորտային պատահարները կազմել են 2151 դեպք՝ 33.5 տոկոս, իսկ թունավորումները՝ 1006 դեպք կամ 15.7 տոկոս։
Տեխնածին արտակարգ դեպքերի նվազման հիմնական պատճառներից մեկը հրդեհների թվի կրճատումն է։ 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 2431 հրդեհ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1392-ով պակաս է։
Հրդեհների զգալի մասը՝ 911 դեպք կամ 37.5 տոկոսը, գրանցվել է բուսածածկ տարածքներում։ Դրանց հետևանքով այրվել է 1763.8 հեկտար բուսածածկ տարածք։
Հրդեհների թվում արձանագրվել է նաև 296 դեպք բնակելի շինություններում, որոնցից 67-ը՝ բազմաբնակարան կամ բնակելի շենքերում, իսկ 229-ը՝ առանձնատներում և տնամերձ կառույցներում։
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը հայտնեց, որ հրդեհների թվի նվազմանը նպաստել են հրդեհավտանգ ժամանակահատվածում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ իրազեկման աշխատանքները, ինչպես նաև եղանակային պայմանները։
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետության ջրային ավազաններում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 6 մարդ։
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման բաժնում հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1312 զանգ։ Դրանցից 912-ը վերաբերել են հոգեբանական, իսկ 400-ը՝ բժշկական խորհրդատվությանը։
Նշված ժամանակահատվածում ծառայողները հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են ընդհանուր 130 ելք դեպքի վայր։ Դրանցից 106-ը եղել է հոգեբանական, իսկ 24-ը՝ բժշկական օգնության ուղղությամբ։
Այսպիսով, 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ոչ միայն արտակարգ դեպքերի ընդհանուր թիվն է նվազել, այլև նվազում է արձանագրվել դրանց հետևանքով զոհված և տուժած քաղաքացիների թվաքանակում։