Եթե լինի հանրաքվե՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ հարց ՔՊ-ականին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տրդատ Սարգսյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին, անդրադարձավ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա գործունեությանը և հնարավոր հանրաքվեին։
Սանդիկովը նշեց, որ նախորդ երկու գումարումներում տվյալ հանձնաժողովը ղեկավարել են ընդդիմադիր քաղաքական ուժերը, իսկ այս գումարման ընթացքում հանձնաժողովի ղեկավարումը հավակնում է ստանձնել, իր բնորոշմամբ, «ամենապրոարևմտյան քաղաքական ուժը»։
Նա հարցրեց՝ արդյո՞ք Սարգսյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում զարգացման հեռանկար տեսնում է և ինչպիսին է պատկերացնում Հայաստանի ապագան, եթե ԵԱՏՄ-ին վերաբերող հարցով հանրաքվե անցկացվի։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի` ԵԱՏՄ -ում 8 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունից մոտ 3 միլիարդը կազմում է արտահանումը, իսկ 5 միլիարդը՝ ներմուծումը։
«Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ոչ միայն տվող, այլև ստացող պետություն է»,- նշեց նա։
Տրդատ Սարգսյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի ներկայիս քաղաքականությունն այն է, որ երկիրը ԵԱՏՄ անդամ է և շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ՝ աշխատելով և համագործակցելով գործընկեր պետությունների հետ։
Անդրադառնալով հանրաքվեի հնարավորությանը՝ Սարգսյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասելով. «Ինչ վերաբերում է հանրաքվեին, ինչպես նշել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսօր մենք այլընտրանք չունենք հանրաքվե իրականացնելու համար»։
Ի պատասխան՝ Սանդիկովն արձագանքեց, որ ակնկալում է՝ Սարգսյանը, ղեկավարելով հանձնաժողովը, կկոտրի այն կարծրատիպերը, թե «ամենապրոարևմտյան քաղաքական ուժը» չի կարող հաջողություններ ունենալ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում։
«Հայաստանի շահին պետք է ծառայել և պետք է ծառայել անմնացորդ։ Մեր դեպքում գործն ու աշխատանքը միտված են Հայաստանի Հանրապետության շահին»,- եզրափակեց իր խոսքը Տրդատ Սարգսյանը։