Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյա՛ն, ինչի՞ երեխեքիդ չվերցրիր գնայիր Ղարաբաղ ապրելու․ Հարությունյան (տեսանյութ)

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը քննադատեց նրա՝ հարց-պատասխանի ժամանակ հնչեցրած պատասխանները և հայտարարեց, որ թեկնածուին ուղղված իր հարցերը նպատակ ունեին պարզելու նրա քաղաքական դիրքորոշումների և սկզբունքայնության աստիճանը։

Ելույթի սկզբում Հարությունյանը նախ դիմեց Աննա Գրիգորյանին՝ խնդրելով քաղաքական թեմաների քննարկման ժամանակ պատգամավոր գործընկերներին «բարոյականության խրատներ» չտալ.

«Շատ բարեկամաբար Աննա Գրիգորյանին եմ դիմում, որ այստեղ քաղաքական թեմաները քննարկելիս բարոյականության խրատներ չտա իր պատգամավոր գործընկերներին, որովհետև չեմ կարծում, որ դա այդքան ճիշտ ժանր է այստեղ»։

Հարությունյանը նշեց, որ Հովսեփյանին ընդամենը հարցրել է՝ ինչպես է վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը։ Այնինչ Հովսեփյանի արձագանքը եղել է այն, որ ինքը Արցախից է, և նման հարցն իրեն ցավ է պատճառում։

«Ես ասեցի՝ տիկին Հովսեփյան, դուք հավակնում եք Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Հիմա ձեզ հարց՝ Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությանը ոնց եք վերաբերում։ Ինչ է պատասխանում ինձ տիկին Հովսեփյանը՝ այն տոնայնության մեջ, որ ես Ղարաբաղից եմ, դու այդ հարցը ինձ տալիս ես և ուզում ես ցավեցնել»,- մեջբերեց պատգամավորը։

Նա բացատրեց, որ Հովսեփյանին առաջադրում են Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, և այդ պաշտոնը ենթադրում է նաև եվրոպացի գործընկերների հետ նման հարցերի քննարկում։

«Երբ որ ղարաբաղցի մեր գործընկերոջը առաջադրում եք Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, դուք իրեն չեք առաջադրում, ասենք, Տավուշի թեմի Վազգեն Գալստանյանի անվան օրիորդած միության նախագահ, դուք իրեն առաջադրում եք Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե Հովսեփյանն ընտրվի հանձնաժողովի նախագահ, ապա Եվրոպայում նրան նույնպես կարող են հարցնել Պրահայի հայտարարության վերաբերյալ իր դիրքորոշման մասին։

«Պատկերացնում եք՝ ասի՝ դու ինձ վիրավորում ես այդ հարցով։ Չե՞ն ասի՝ էս Հայաստանից ում են ուղարկել։ Իր հույզերով, իր էմոցիաներով, իր հուշերով, իր ցավով։ Բայց տիկին Հովսեփյանը ընտրվում է հանձնաժողովի նախագահ, և իրեն այդ հարցը տալու են Եվրոպայում»,- ասաց պատգամավորը։

Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ նաև այն իրավիճակներին, երբ, իր գնահատմամբ, քաղաքական գործիչներին սկզբում սադրում են, ապա նրանց արձագանքն օգտագործում հենց իրենց դեմ։ Նա նշեց, որ Հովսեփյանին այս պաշտոնում առաջադրելը հենց այդ միտումն ունի, որ հետագայում, ցանկացած հարց լսելիս, մեղադրի իշխանություններին, որ «իրեն ցավ են պատճառում»։

«Հիմա առաջադրում են, բնական հարցեր ես տալիս որպես հանձնաժողովի նախագահ, ասում են՝ այ հլը ինչ հարցեր ես տալիս մեր գործընկերոջը, որի իրավունքը չունես»,- ասաց նա։

Հարությունյանը հատուկ ընդգծեց նաև, որ Հովսեփյանին չի հարցրել, թե ինչու նա չի զոհվել Ղարաբաղում։

«Ես հարցրեցի՝ ինչու չեք ապրել Ղարաբաղում, որովհետև տիկին Հովսեփյանը բոլոր այդ վատ դեպքերից շատ ավելի վաղ էր դուրս եկել Ղարաբաղից»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ հարցը եղել է այն մասին, թե ինչու Հովսեփյանը չի ապրել Ղարաբաղում, քանի որ, իր գնահատմամբ, եթե ավելի շատ մարդիկ այնտեղ ապրեին, դա կարող էր ազդել իրավիճակի վրա։

Նույն տրամաբանությամբ նա հարց հղեց Ռոբերտ Քոչարյանին, հետաքրքրվելով՝ թե ինչու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի վերադարձել Ղարաբաղում ապրելու։

Հարությունյանը անդրադարձ կատարեց նաև Արեգա Հովսեփյանի՝ ԱԳՆ-ում աշխատանքից դուրս գալու պատմությանը։

«Տիկին Հովսեփյան, Պրահայի մասին հարցը ես իզուր չեմ տալիս։ Տալիս եմ, որպեսզի հասկանամ՝ դուք որքան եք սկզբունքային ձեր դիրքորոշումներում»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հովսեփյանն ասել է, որ դեռ 2020 թվականին ցանկացել է դուրս գալ ԱԳՆ-ից, սակայն որոշել է մնալ, քանի որ իշխանությունը, իր գնահատմամբ, կարող էր հեռանալ։

«Ասում է՝ ես հլը 2020-ին էի ուզում դուրս գալ ԱԳՆ-ից, հետո ասեցի՝ մի քիչ ոտս կախ գցեմ, սրանք ոնց որ գնացող են, մնամ ԱԳՆ-ում, չգնամ։ Սակայն Դուք մնացիք, որովհետև դեկրետի գումարը պետք էր ստանալ»,- պարզաբանեց Հարությունյանը։

«Այսինքն՝ չորս տարի համարյա այս դավաճան իշխանությանը ինքը հանդուրժել է՝ խիզախ մնալով ԱԳՆ-ում տարբեր կարգավիճակներում»։

Ելույթի վերջում Հարությունյանը նաև անդրադարձավ Հովսեփյանի կողմից իր նախկին գործունեության մասին պատմած դրվագներին։

«Իմ սկզբունքայնությունից է խոսում։ Տիկին Հովսեփյանին խորհուրդ կտամ Ձեր հարազատ քրոջը հարցնեք, որին երկար ժամանակ դաս եմ տվել, և նա կասի, թե որն է եղել իմ սկզբունքայնությունը, և կուրսընկերներն էլ կպատմեն իմ սկզբունքային լինելու մասին, որը բազմիցս դրսևորվել է, և Ձեր ընտանիքի անդամը ականատես է եղել դրան»,- ասաց նա։