Հանրաքվե կլինի , թե չի լինի, դա որևէ 3-րդ պետության գործը չէ. Արման Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեն ե՞րբ է անցկացվելու, և արդյո՞ք այն ընդհանրապես անցկացվելու է։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ այդ հարցը Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների շրջանակում է, և երրորդ պետությունները չպետք է որոշեն դրա ժամկետները։
«Երբ կլինի, երբ չի լինի՝ դա մեր և ԵՄ-ի գործն է։ Ժամկետն ու ցանկությունն էլ տարբեր բաներ են»,- ասում է Եղոյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չկա, քանի դեռ այդ անդամակցությունը չի հակասում Հայաստանի շահերին։
«Էնքան կմնանք ԵԱՏՄ-ում, որքան դա մեզ շահավետ է»,- նշում է նա՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, որ ՀՀ-ն օգտագործում է ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ պետությունները տնտեսական միություններում համագործակցում են՝ միմյանց հնարավորություններն օգտագործելով սեփական տնտեսությունները զարգացնելու համար։
Եղոյանն իր խոսքում անդրադառնում է նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը։ Նրա խոսքով՝ վերջին 7 տարիներին այդ հարաբերությունները զգալիորեն խորացել են, աճել է առևտրաշրջանառությունը, և այդ ուղղությամբ «ահռելի մեծ աշխատանք» է տարվել իշխանությունների կողմից։
Իսկ արդյո՞ք այսօր Հայաստանի կյանքի որակն ավելի մոտ է ԵՄ չափանիշներին, քան նախկինում։ Եղոյանի գնահատմամբ՝ ամեն ինչ ակնհայտ է, և այդ փոփոխությունը ևս պետք է դիտարկել Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման համատեքստում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է կողմնորոշվի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-ին հայտարարել էր, որ
Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ԵՄ-ին։
Վարչապետի խոսքով՝ «այս պահին հանրաքվեի առարկա չկա։ Եվրամիությունը Հայաստանի համար զգալի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն ներկայիս խնդիրը ոչ թե երկու ուղղությունները համեմատելն է, այլ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելը»։