ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀԱՊԿ-ը մեր անվտանգության երաշխավորը չէ։ Փորձը ցույց է տվել, որ որևէ բան լինելու դեպքում ՀԱՊԿ-ը չի գալու ապահովելու մեր անվտանգությունը»,- ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
ՀԱՊԿ պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ հարցին, թե Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից կամ նույնիսկ հեռացվել կազմակերպությունից, Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական Երևանն իր դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ նման հարց կքննարկվի։
«Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս բարձրացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ գործողությունների հարցը։
«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել։ ՀԱՊԿ-ը չի ճանաչել այն սահմանները, որոնցով Հայաստանն ի սկզբանե անդամակցել է կառույցին»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը այսօր անվտանգային քաղաքականությունը կառուցում է այլ տրամաբանությամբ։
«ՀԱՊԿ-ը մեր անվտանգության երաշխավորը չէ։ Փորձը ցույց է տվել, որ որևէ բան լինելու դեպքում ՀԱՊԿ-ը չի գալու ապահովելու մեր անվտանգությունը»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և ունենալ «բազմավեկտոր հարաբերություններ տարբեր երկրների հետ»։
Ազգային ժողովի ձևավորման մասին հարցերին պատասխանելիս՝ պատգամավորը նշեց, որ իշխանությունը պայմանավորվել է ընդդիմադիր խմբակցությունների հետ հնարավորինս արագ ավարտել Ազգային ժողովի մարմինների ձևավորումը և անցնել բովանդակային աշխատանքների։
«Մենք ամսի 2-ից նիստերը սկսել ենք ու հնարավորինս արագ պետք է անցնենք ավելի բովանդակային հարցերի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն դեպքում, եթե որևէ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվի, հանձնաժողովների և ԱԺ-ի աշխատանքը չի կանգնի։
«Եթե մենք անգամ որևէ հանձնաժողովի նախագահի չընտրենք, այդ դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կկատարի տեղակալը։ Այսինքն՝ խնդիրներ չեն առաջանում այստեղ»,-նշեց պատգամավորը։
Հովհաննիսյանը հրաժարվեց հստակ նշել կառավարության ծրագրի ներկայացման վերջնաժամկետը՝ հիշեցնելով, որ օրենքով նախատեսված է 20-օրյա ժամկետ։
Անդրադառնալով հնարավոր էթիկայի հանձնաժողովին՝ Հովհաննիսյանն ասաց, որ չի հավակնում ղեկավարել այն։
«Ես այս գումարման Ազգային ժողովում ցանկանում եմ գործունեություն իրականացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում»,- նշեց նա։
Լրագրողի հարցին՝ կապված Արմավիրի մարզում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի մասին վերջերս հրապարակված տեսանյութի հետ, պատգամավորը նշեց, որ նման դեպքերը, բնականաբար, ծանր տպավորություն են թողնում։
«Նման տեսարան տեսնելուց շատ վատ զգացողություններ պետք է ունենանք»,- ասաց նա։
Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները ՀՀ-ում նվազել են։
«Պետք է ցավով արձանագրենք, որ ծայրահեղ աղքատությունն ամբողջությամբ հաղթահարված չէ, բայց մեր ծրագրերն ուղղված են ծայրահեղ աղքատության շեմը զրոյացնելուն»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացիները խնդիր չունենան օրվա հացի, առողջապահության, կրթության և արդարադատությունից օգտվելու հարցերում։
Պատասխանելով պատգամավորների հավելավճարների վերաբերյալ այն հարցին, թե արդյո՞ք պատգամավորը պատրաստ է հավելավճարներից հրաժարվել նման ընտանիքներին օգնելու նպատակով՝ Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը աշխատավարձի բաղադրիչի մասին է։
«Պարգևավճար հասկացողություն չկա, կա աշխատավարձի բարձրացում։ Ես ԱԺ պատգամավոր եմ և աշխատավարձով եմ ապրում»,- ասաց նա։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վերաբերյալ հարցին ի պատասխան Հովհաննիսյանը կրկնեց նախկինում հնչեցրած գնահատականը։
«Գործընկերներս ևս հայտարարել են, որ այդ մարդը սրիկա է, և մենք շարունակում ենք այդ կարծիքին մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ներողություն չի խնդրել վիրավորանք հասցնելու համար»,- նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը պաշտպանում է պատգամավորների արտահայտած կարծիքը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին չէ։
«Մենք որևէ մեկին չենք հետապնդում, մենք արձագանքում ենք վիրավորական արտահայտությանը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխող ուժը ցանկանում է նվազեցնել լարվածությունը խորհրդարանում։
«Սա մեր դահլիճը չէ, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի դահլիճն է, և մենք ավելորդ լարվածություն ու վատ էմոցիաներ չենք ուզում այստեղից հաղորդել»,-եզրափակեց Հովհաննիսյանը։