Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արուսիկ
A A
Հասարակություն

Զրպարտության ու վիրավորանքի համար Արուս Տիգրանյանին 4մլն 600հազ դրամ պետք է վճարեն

Բլոգեր, լրագրող Արուս Տիգրանյանը հաղթել է դատարանում։ Ըստ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի որոշման ՝ մոդել Անիտա Հարությունյանը զրպարտության համար պետք է վճարի 4 մլն դրամ, իսկ վիրավորանքի  համար 600․000 ՀՀ դրամ։

Դատարանը մասնակի է բավարարել բլոգերի հայցը։ Արուս Տիգրանյանը զրպարտության համար մոդելից պահանջել էր 6 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար` 3 մլն դրամ։

Դիմելով դատարան` hայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ Անիտա Հարությունյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իրեն պատկանող էջում՝ «anita_harutyunyan_official» անվամբ, որն ունի 96․200 հետեւորդ, (սթորի) բաժնում տեղադրել է 20-ից ավել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնցից 15-ում անդրադարձել է Արուս Տիգրանյանին։

Ըստ հայցադիմումի՝ նշված տեսանյութերում պատասխանողը հայցվորի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող և հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող պնդումներ՝ հայցվորի հասցեին հնչեցնելով տարատեսակ վիրավորական արտահայտություններ, նսեմացուցիչ խոսքեր, ինչպես նաև հրապարակված սթորիներից որոշների վրա կատարել վիրավորական գրառումներ, կիրառել նողկանք, զզվանք, տհաճություն արտահայտող emoji-ներ (էմոջիներ)։ Այս վեճը առաջացել էր տեսանյութի պատճառով։

Հիշեցնենք, որ դատավճիռը ուժի մեջ չի մտել, այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք ներկայացվել։