Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Քաղաքականություն

Եվրադատարանը որոշում է կայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ ապրիլյան պատերազմում գլխատված հայ զինծառայողի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել հայաստանցի դիմումատուների օգտին՝ «Հ.Տ.-ն և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողի սպանության, խոշտանգման և գլխատման դեպքին։

Դիմողները՝ Վ.Տ.-ն, Լ.Վ.-ն և Ա.Գ.-ն, Արցախի բանակի մայոր Հ.Տ.-ի ծնողներն ու քույրն են: Հ.Տ.-ի մարմինը հայտնաբերվել էր 2016 թվականի ապրիլյան ռազմական բախումներից հետո՝ Թալիշ գյուղի մերձակայքում՝ շփման գծի մոտ:

Ըստ դիմողների ներկայացրած փաստերի և դատաբժշկական փորձաքննության՝ Հ.Տ.-ն ռազմական բեռնատարի դարանամուտ լինելու հետևանքով ստացել էր ծանր վիրավորում և ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվելիս արդեն եղել է անպաշտպան ու մարտունակությունից զուրկ։ Դատաբժշկական եզրակացությունը հաստատել է սահմռկեցուցիչ փաստը՝ զինծառայողի ձեռքերը հատվել են դեռևս կենդանության օրոք, որից հետո նա ենթարկվել է գլխատման:

ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կոպիտ խախտումներ Ադրբեջանի կողմից.

2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք),

3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում)՝ ինչպես Հ.Տ.-ի նկատմամբ կիրառված խոշտանգումների, այնպես էլ դիմողների՝ ընտանիքի անդամների կրած անձնական տառապանքների մասով:

Դատարանն ընդգծել է, որ ընտանիքի անդամները ենթարկվել են ծայրահեղ հոգեկան տառապանքների՝ պայմանավորված սիրելիի մարմնի մասերի բացակայությամբ և պատշաճ հուղարկավորություն իրականացնելու անհնարինությամբ:

Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճռի վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել արդարացի փոխհատուցում`

60,000 եվրո՝ համատեղ Հ.Տ.-ի ծնողներին (ոչ նյութական վնաս)

30,000 եվրո՝ նրա քրոջը (ոչ նյութական վնաս),

14,210 եվրո՝ դատական և այլ ծախսերի համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 5-ին հաստատված հրադադարից հետո կողմերը փոխանակել են զոհվածների մարմինները, և հայկական կողմը հաղորդել էր խեղանդամ՝ գլուխներից, ձեռքերից կամ ականջներից զրկված մարմինների վերադարձի մասին: Նմանատիպ պնդումներով ներկայումս քննության փուլում են ևս 21 գանգատներ: