Ով ինչպես է հիշում երիտասարդներին նախընտրական խոստումներում․ Մաս1
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի ԱԺ ընտրություններին մնացել է մի քանի օր։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ներկայացրել են հասարակության տարբեր խմբերին վերաբերող բազմաթիվ դրույթներ։ Ա1+-ն առանձնացրել է այն հիմնական հատվածները, որոնք վերաբերում են երիտասարդությանը՝ կրթության, զբաղվածության, սոցիալական աջակցությանը, երիտասարդական քաղաքականության և պետական գործընթացներին մասնակցության համատեքստում։ Սա շարքի առաջին մասին
Ռեֆորմիստների կուսակցություն
Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդներին վերաբերող առանձին բաժին չկա, սակայն յոթ կետանոց ծրագիրը որոշակիորեն վերաբերում է երիտասարդներին։
«Հայաստանում բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը պետք է դառնան անվճար», - խոստանում է ուժը։
Բացի այդ ռեֆորմիստները հայտարարում են, որ նպատակ ունեն Հայաստանը դարձնել «կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտոկենտրոն տարածաշրջանում՝ ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը»:
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
«Բոլորին դեմ եմ» շարժման նախընտրական օրակարգը հիմնականում կենտրոնացած է քաղաքական և ընտրական համակարգի փոփոխությունների վրա։ Ծրագրում երիտասարդական քաղաքականությանը, կրթությանը, զբաղվածությանը կամ սոցիալական հարցերին վերաբերող առանձին դրույթներ չկան։
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական ծրագրի որոշ կետեր վերաբերում են երիտասարդների ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությանը, կրթության և մասնագիտական զարգացմանը։
Աշխատաշուկայում բարեփոխումներ իրականացնելու և գործազրկությունը կրճատելու նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մշակող արդյունաբերության, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտներին, որոնք դիտարկվում են որպես երիտասարդների ներգրավվածության հիմնական ուղղություններից մեկը։
Ծրագիրը ներառում է նաև մարզային զբաղվածության ընդլայնման գաղափարը։ Նախատեսվում է զարգացնել ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը մարզերում՝ նվազեցնելով միայն գյուղատնտեսությունից կախվածությունը։
Կրթությանը վերաբերող հատվածում «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի բոլորի համար՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից։ Նախատեսվում է ներդնել նոր համակարգ, որի պայմաններում «երիտասարդի կրթությունը չպետք է կախված լինի ծնողի եկամուտից»։ Քաղաքական ուժը նաև նշում է, որ «կրթությունը ծախս չէ, այլ ներդրում», և խոստանում է մեծացնել կրթության պետական ֆինանսավորումը։
Սոցիալական խնդիրների համատեքստում դաշինքը խոստանում է կառուցել «20000 մատչելի բնակարան»։ Ըստ ծրագրի՝ այդ քայլը պետք է նպաստի աշխատուժի տեղաշարժին դեպի այն բնակավայրերը, որտեղ իրականացվում են ներդրումներ, և ստեղծվում են նոր աշխատատեղեր։
Ծրագրում առկա են նաև ընտանիքներին աջակցելուն ուղղված դրույթներ։ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, որ պետությունը պետք է «դառնա երրորդ ծնող բազմազավակ ընտանիքների համար»։ Ըստ ծրագրի՝ նրանց առաջնահերթ նպատակը լինելու է ստեղծել պայմաններ, որպեսզի ծնողներն իրենք կարողանան ապահովել երեխայի բարեկեցիկ կյանքը, իսկ այն դեպքերում, երբ ընտանիքները «օբյեկտիվորեն ի վիճակի չեն լինի դա անել, այդ պատասխանատվությունը կստանձնի պետությունը»։
Հայաստանի շնորհապետական կուսակցություն
«Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախընտրական ծրագրում երիտասարդական քաղաքականությանը վերաբերող առանձին բաժին չկա, սակայն ծրագրում առկա են կրթության, մասնագիտական զարգացման և աշխատաշուկայի հետ կապված մի շարք դրույթներ։
Ըստ ծրագրի՝ առաջիկա տարիներին մի շարք մասնագիտություններ կկորցնեն պահանջարկը, իսկ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կհայտնվեն նոր մասնագիտություններ։
Այդ պատճառով պետությունը պետք է կիրառի «շուկայագիտական», խրախուսական և այլ մեթոդներ՝ մասնագիտական շուկան կառավարելի դարձնելու և երիտասարդների մասնագիտական կրթությունը ապահովելու նպատակով։
Առանձին շեշտադրում կա նաև դպրոցն ավարտող երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցում։ Կուսակցության համոզմամբ՝ անհրաժեշտ է շրջանավարտներին «պարզ և հասկանալի նկարագրել հաջողության հասնելու ճանապարհը և հետագա զբաղվածության հեռանկարները» ։ Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր շրջանավարտի համար պետք է հասանելի լինի իր ապագա մասնագիտական զարգացման «սանդուղքը» ՝ մասնագիտացումից մինչև վերապատրաստում և զբաղվածություն։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում երիտասարդական քաղաքականությանը անդրադառնում է առանձին և ծավալուն բաժնով։ Կուսակցությունը հայտարարում է, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է վերաբերի ոչ միայն երիտասարդների կրթության և զբաղվածության, այլև նրանց ներառման, հզորացման և մասնակցության ապահովման հարցերին։
Ծրագրում նշվում է, որ 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը պետք է դառնա ոլորտի զարգացման հիմքը։
Կուսակցությունը կարևորում է նաև ազգային երիտասարդական ռազմավարության մշակումը՝ «երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և փորձագիտական համայնքի լայն մասնակցությամբ»։ Ուժը խոստանում է ձևավորել երիտասարդության ոլորտում պետական կառավարման «արդյունավետ մոդել» և ներդնել երիտասարդական աշխատողի ինստիտուտ՝ վերապատրաստման և որակավորման միասնական չափորոշիչներով։
«Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների հասարակական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային մասնակցության մակարդակը՝ ստեղծելով հասանելի և որակյալ երիտասարդական ծառայություններ ամբողջ հանրապետությունում», - ասվում է ծրագրում։
Կուսակցության կարծիքով՝ Երևանում և ՀՀ մարզերում երիտասարդներին մատուցվող ծառայությունները զարգացած են անհավասար կերպով, իսկ բազմաթիվ համայնքներում բացակայում են անվտանգ և ներառական միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և իրականացնել իրենց նախաձեռնությունները։
Այդ պատճառով՝ կուսակցությունն առաջարկում է ստեղծել երիտասարդական կենտրոնների և անվտանգ երիտասարդական տարածքների ցանց Հայաստանի բոլոր մարզերում և համայնքներում։ Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր բնակավայրին մոտ հասանելիություն ունենա կրթական, սոցիալական, մշակութային և զարգացման ծրագրերի։
Առանձին շեշտադրում կա մարզային երիտասարդության վրա։ Նախատեսվում է ընդլայնել երիտասարդական կենտրոնների ցանցը Հայաստանի ամբողջ տարածքում, ներդնել «շարժական երիտասարդական ծառայություններ» և իրականացնել զարգացման ծրագրեր գյուղական ու սահմանամերձ համայնքներում։
Ծրագրում կարևոր տեղ ունի նաև երիտասարդների ներգրավումը պետական կառավարման գործընթացներում։ «Նոր ուժ»-ը նախատեսում է վերագործարկել երիտասարդների մասնակցության խորհրդատվական մեխանիզմները և աջակցել երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ուղղված են հանրային խնդիրների լուծմանը։
Կուսակցությունն անդրադառնում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի և կախվածությունների կանխարգելման թեմային։ Ծրագրում նշվում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործումը, ալկոհոլային կախվածությունը և առցանց խաղամոլությունը։ Այս ուղղությամբ նախատեսվում է իրականացնել կանխարգելիչ կրթական ծրագրեր, ապահովել հոգեբանական և խորհրդատվական ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև խստացնել երիտասարդների ներգրավվածությունը սահմանափակող մեխանիզմները առցանց խաղադրույքների և կազինոների ոլորտում։
«Նոր ուժ»-ը խոստանում է նաև զարգացնել երիտասարդական կենտրոնները որպես «առողջ, անվտանգ և ներառական միջավայրեր» և աջակցել սպորտային, մշակութային ու ստեղծարար գործունեության հասանելիությանը։
Շարունակելի