Տաքսիներն էլ արդեն չեն գալիս Երեւան
Աշտարակում այսօր նույնիսկ տաքսիներին են արգելել ուղեւոր տեղափոխել մայրաքաղաք։ «Ա1+»-ի թղթակիցը Աշտարակից հաղորդում է, որ վերջին 8 օրերի ընթացքում կաթվածահար է ոչ միայն միջքաղաքային տրանսպորտը, այլեւ Աշտարակը գյուղերին կապող ուղեւորափոխադրությունը, որն ամբողջությամբ դադարել է այսօր առավոտից։
Աշտարակի բնակիչները մեր թղթակցին տեղեկացրել են, որ քաղաքում եւ հարակից գյուղերում շրջում են ոստիկաններ եւ վերահսկում ցանկացած տեղաշարժ։ Իսկ գյուղապետերին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հրահանգված է «բացատրական աշխատանքներ» տանել բնակիչների հետ եւ նրանց «հորդորել» մնալ տանը եւ չգնալ Երեւան՝ մասնակցելու Ազատության հրապարակում կազմակերպված ընդդիմության շուրջօրյա հանրահավաքին։
Եթե մինչ այսօր գծերից հանված էին երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, այսօր արդեն տաքսիներին եւ մասնավոր վարորդներին է հրահանգվել ուղեւոր չտեղափոխել Երեւան կամ ծայրահեղ դեպքում, 1 ուղեւրից ավելի չտեղափոխել։ Այսօր «կարգազանց» վարորդներից մեկին արդեն պատժել են՝ տարել եւ տուգանել են 100 հազար դրամի չափով, դեղին պետհամարանիշեր չունենալու պատճառով։
«Բայց մենք էլ հո գիտենք, թե ինչո՞ւ տուգանեցին։ Մինչ օրս ազատ քշել եմ, հիմա էս օրերի՞ն հիշեցին, որ համարներս դեղին չեն։ Ես մարդկանց եմ տեղափոխել Երեւան, միտինգի տեղը։ Ես տաքսիստ եմ, իմ երեխեքի հացն եմ աշխատում, ինձ համար ի՚նչ տարբերություն, միտինգի են գնում թե՞ հիվանդանոց, կարեւրը ես իմ փողն եմ աշխատում»,- «Ա1+»-ի թղթակցին հայտնել է տուգանված վարորդը եւ շատ է խնդրել իրեն չլուսանկարել եւ անուն ազգանունը չի հայտնել։ Նա պատճառաբանել է, որ ոստիկանները բոլորին հսկում են, կիմանան՝ կտանեն բաժին, կծեծեն։
Մեկ այլ վարորդ պատմել է, որ 2008 թվականի մարտի 1-ից առաջ եւ հատկապես հետո միտինգներին մասնակցող ուղեւորներին փախադրելու համար իրեն տարել են ոստիկանության բաժին եւ ծեծել։ «Բոլորս հսկողության տակ ենք, բոլորս ընտանիք ունենք, չենք կարող ոչինչ անել, մեզ ճիշտ հասկացեք»,-ասել է տաքսու վարորդը։ Աշտարակի բնակիչներից էլ մարդիկ են մոտեցել մեր թղթակցին եւ հայտնել, որ ի տարբերություն Երեւանի բնակիչների, մարզերում միտինգներին մասնակցելու ցանկություն ունեն գրեթե բոլորը, որովհետեւ այստեղ ժողովրդի վիճակը շատ ավելի ծանր է եւ մարդիկ շատ ավելի դժգոհ են։ «Մենք հոգով-սրտով Ազատության հրապարակի ժողովրդի հետ ենք, հայտնեք նրանց այդ մասին, բայց կներեք, որ չենք կարողանում գանք, մեզ այստեղ շատ են հալածում»,-«Ա1+»-ի թղթակցին հայտնել է տարեց մի տղամարդ, որն ամբողջ օրը կանգառում սպասելիս է եղել Աշտարակ- Ձորափ երթուղայինին, որն այդպես էլ չի եկել։