Բացել լրահոսը Փակել լրահոսը
672667643_1279466554375556_3084530848679967281_n
A A
Պաշտոնական

Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում:

Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, հումանզիմի, արվեստի և գիտության միասնականության խորհրդանիշը: Տոնը միտված է նպաստելու արվեստի և ստեղծարարության զարգացմանը, խրախուսելու մշակութային բազմազանությունը:

Իրապես, արվեստը սահմաններ չունի. այն բոլորիս հետ խոսում է իրեն բնորոշ լեզվով, որը համամարդկային է և կոչված է միավորելու մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից ու մշակույթից։ Այն ոչ միայն զգացմունքների, այլև յուրաքանչյուր ազգի կամ ժողովրդի ինքնության լավագույն արտահայտությունն է։

Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է: Ամեն նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունը, հավատը, երազանքը, ապագայի մեր տեսլականը։ Արվեստի միջազգային օրը լավագույն հնարավորությունն է՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու մեր արվեստագետներին և արվեստի գործիչներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, ապրեցնում և հնչեցնում Հայաստանի մշակութային ձայնը՝ թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում։

Պետության անմիջական աջակցությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ մեր մշակութային կառույցներն արվեստի բոլոր բնագավառներում՝ սկսած գրականությունից մինչև թատրոն, երաժշտությունից մինչև նկարչություն և ցուցահանդեսներ, աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով՝ հանրությանը մշտապես ներկայացնելով արվեստի բարձրակարգ դրսևորումներ: Շարունակաբար ստեղծվում են հնարավորություններ՝ հանրությանը՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, հնարավորինս մոտեցնելու արվեստի կախարդական աշխարհին՝ հաղորդակից դարձնելով հայ և համաշխարհային գործերին:

Նախորդ տարի պետության բաժանորդային ծրագրով մեր թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել շուրջ 310 հազար դպրոցական, իսկ կրթամշակութային 21 ծրագրերին մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա՝ 2024 թվականի նկատմամբ գրանցելով 49 տոկոս աճ:

Թերևս պետք է նշել, որ մշակութային ակտիվ կյանքը հնարավոր է դառնում նաև ֆինանսական ակտիվ հոսքերի արդյունքում: Այս առումով ոլորտում կարևոր ձեռքբերում է մշակութի տնտեսականացումը, որով սեփական եկամուտների աճ են գրանցել մշակութային հաստատությունները: Արդյունքի մասին խոսում են թվերը. թատրոնների սեփական եկամուտներն ավելացել են 152 տոկոսով՝ կազմելով 2,9 մլրդ դրամ, համերգային կազմակերպություններինը՝ 153 տոկոսով՝ կազմելով 1,23 մլրդ դրամ, թանգարաններինը՝ 112 տոկոսով՝ կազմելով 1,63 մլրդ դրամ:

Սիրելի՛ արվեստասերներ, ապրիլի 15-ին սպասվում են հետաքրքիր մշակութային նախագծեր: Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ դառնալու գեղեցիկ միջոցառումների մասնակիցը:
Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր։