Բացել լրահոսը Փակել լրահոսը
պոլիէթիլեն
A A
Պաշտոնական

Պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկից մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կամ առկայությունն արգելող նախագիծն ընդունվել է

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Մարտի 25-ի Ազգային ժողովի նիստում ամբողջությամբ ընդունվեց 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
 
«Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, սա կարևոր և ռազմավարական քայլ է շրջակա միջավայրի պահպանության և կայուն ապագայի ձևավորման ուղղությամբ։
 
Արգելքի նախագծի մասին շատ է խոսվել և առաջիկայում մի շարք առիթներ կլինեն դրան առավել մանրամասն անդրադառնալու։
Առաջարկվող կարգավորումները ունեն հստակ առողջապահական և բնապահպանական հիմնավորումներ։
 
Բացի դա մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն։ COP17-ի նախաշեմին այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր երկրին հանդես գալ որպես պատասխանատու պետություն, որը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին։»,- նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
☑️ 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու ձողիկներ) իրացումը կամ առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքներում՝ մանրածախ առևտրի իրականացման ժամանակ։
✅ Բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերը և կափարիչով պլաստիկ տարաները։