Արայիկ Հարությունյանն ընդունել է «Խորհուրդ X»-ի անդամներին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին: Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մանրամասներ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործառույթների ու կառավարության գործունեության վերաբերյալ, ընդգծել, որ աշխատակազմը կապող օղակ է պետական գերատեսչությունների միջև և ապահովում է պետական կառույցների միջև արդյունավետ ու անխափան աշխատանքը:
«Խորհուրդ X»-ի անդամները վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են, որ ստեղծման պահից ի վեր՝ մոտ մեկ տարվա ընթացքում կազմակերպության անդամները հանդիպումներ են ունեցել պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկել տարբեր հարցեր, մասնակցել մի շարք միջոցառումների: Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, առաջիկայում Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականությանը, առաջիկա ընտրություններին ու հիբրիդային մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քայլերին և այլն: Հանդիպման ավարտին «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներն Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել և ծանոթացել կառավարության շենքի պատմությանը: